Մեր կայացած, զորեղ փաղանգը․ ճակատագրական արկածախնդրություն՝ բարի ավարտով

0 Shares

Դպրոցում փայլուն էր սովորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները, ուսուցիչներն ու տնօրենը արդեն թանձրացական տեսնում էին նրա ապագա մեծ նվաճումները: Սակայն դիպվածը փշուր-փշուր արեց մանկավարժների փայփայած տեսլականը եւ նրանք երկար ժամանակ ներել չէին կարողանում սիրելի սանին: «Ազգականիս հետ մեկ րոպեով մտանք Ագրարային համալսարան, գրություն պետք է փոխանցեր: Անկիրք, ի միջի այլոց աչքի անցկացրի տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունների ցանկն ու ակնթարթորեն հրապուրվեցի պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացումով»,- պատմում է Մելինե Բեգլարյանը։

Ուսանողական տարիները հագեցած էին՝ գիտելիք ամբարելու տենդով, դասախոսների ուշադիր հոգածությամբ, երիտասարդական ավյունով, նպատակասլաց աշխատանքով: Դեռ սովորում էր մագիստրատուրայում, որ փորձուսուցման գնաց ու․․․ մնաց աշխատելու ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնում, որպես փորձագիտական խմբի ղեկավար:

Մելինեն այսօր ճանաչված ու գնահատված է մեր երկրում եւ սահմաններից շատ ու շատ հեռու: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Մասնագիտության ընտրության առջեւ կանգնած պատանիներին մեկ խորհուրդ ունի. ինչ էլ որ ընտրեն, պետք է նախանձախնդիր ու համառ աշխատանքով մշտապես ձգտեն կատարելության: Դա է միակ անսխալ ճանապարհը, սեփական փորձով է համոզվել: