Հոկտեմբերի 10-ին համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի նախագծի առաջին ափոփիչ քննարկումը՝ մասնակցությամբ ՀԱԱՀ-ի որակի գնահատման և ապահովման կենտրոնի աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների, մի քանի ամբիոնների վարիչների ու գիտական կենտրոնների ղեկավարների:Նախքան նախագծի քննարկումը, հանդիպման ներկաներն անդրադարձան ներբուհական ուղղահայաց և հորիզոնական մի շարք գործընթացների սկզբունքներին, մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներին ու գործիքազմին, ուսանողների գիտելիքների գնահատման համակարգի բարելավմանը, ինչպես նաև համալսարանի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտությանը:
Այնուհետև ՀԱԱՀ-ի որակի գնահատման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց Ագրարային համալսարանի ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ներկաներն էլ որոշակի դիտարկումներ ու խմբագրական առաջարկություններ արեցին, որոնք ամփոփվելուց հետո կներառվեն ռազմավարական ծրագրում:
Ագրարային համալսարանի 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սկզբին: Այն համակարգում է ՀԱԱՀ-ի որակի գնահատման և ապահովման կենտրոնը: Նախ մշակվել է ռազմավարական ծրագրի մեթոդաբանությունը, կատարվել ագրարային ոլորտի արտասհամանյան առաջատար բուհերի ռազմավարական ծրագրերի ուսումնասիրում և հենանշում (բենչմարկինգ), ապա ոլորտի առաջատար համալսարաններից Հոլանդիայի Վագենինգենի համալսարանի և ամերիկյան Կոռնելի ու Լուսի-Դեվիս ագրարային բուհերի ռազմավարական ծրագրերի օրինակով մշակվել մեր բուհի ռազմավարական ծրագիրը: Ծրագրի հիմքում ընկած են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներն ու ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ազգային առաջնահերթությունները և ՀԱԱՀ-ի՝ տարածաշրջանի ագրոտեխնոլոգիական գերազանացության կրթական կենտրոն դառնալու տեսլականը: Ռազմավարական ծրագիրը մշակվել է մասնակցային սկզբունքով. նախ բուհի ուսանողների, դասախոսների ու վարչական աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են համալսարանի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն, ստորաբաժանումների ղեկավարների և համալսարանի ղեկավար անձնակազմի հետ անցկացվել են հարցազրույցներ, նոր միայն սկսվել է նախագծի մշակումը: Այն ուղարկվել է բոլոր ստորաբաժանումներին՝ ուսումնասիրելու և համապատասխան առաջարկներ անելու համար:
Ինչպես նշում է ՈԳԱ կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ Հակոբ Քնաջյանը՝ առաջարկների ամբողջ փաթեթը կուսումնասիրվի և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կներառվի նախագծի մեջ, որից հետո ռազմավարական ծրագրի նախագիծը կներկայացվի համալսարանի ղեկավարությանը:
Նախագծի քննարկմանը ներկա գործըներները ընդհանուր առմամբ հավանություն տվեցին ծրագրին՝ նշելով, որ որոշակի լրամշակումներից հետո բուհի 2020-2024թթ. ռազմավարական ծրագիրը պատրաստ է հաստատման ներկայացնելու:
- 25/10/2019
- 2019