Մեզ համար պատվի եւ պատասխանատվության խնդիր է

Այսօր, փետրվարի 10-ին, առաջին հանդիպումը կայացավ ընդունելության քննությունների անվճար դասընթացների հայտ ներկայացրած պատանիների հետ: Ռեկտորատի անունից նրանց դիմավորեց եւ պայմանները հստակեցրեց Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը: Դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 հոգի:

Առաջին շաբաթը փորձնական կլինի, որ հստակ որոշում կայացնեն երիտասարդները: Հաջորդ շաբաթ արդեն կկնքվեն պայմանագրերը: Պարապմունքները կլինեն շաբաթը երեք անգամ, 1,5 ժամ տեւողությամբ: Դիմորդները անդադար կլինեն ուսումնական մասի պատասխանատուների ուշադրության կիզակետում: Բուհը ուշադիր կհետեւի նրանց «աճին», գիտելիքների խորացման-ամրապնդման գործընթացին:

Պարոն Հայրապետյանը ներկայացրեց նաեւ դասավանդողներին. մաթեմատիկա՝ Գվիդոն Մատինյան, կենսաբանություն՝ Նելլի Վարդանյան, հայոց լեզու` Արմինե Մկրտումյան եւ անգլերեն՝ Լիանա Վարդանյան: Դասախոսները համակարծիք էին եւ դիմելով երիտասարդներին  նշում էին. դժվարին, պատասխանատու եւ շատ կարճ ժամանակաշրջան է սկսվում նրանց կյանքում: Եւ միայն համառ, նպատակասլաց աշխատանքով կարող են հասնել ցանկալի արդյունքի:

Մեզ համար պատվի եւ պատասխանատվության խնդիր է, որ այս երիտասարդները հաջողությամբ հաղթահարեն ընդունելության քննություններն ու համալրեն ՀԱԱՀ ուսանողների շարքերը: