Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կայացավ մայիսի 18-ին եւ 19-ին։ Թեզերի պաշտպանությանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը:
Գոհացուցիչ է, որ թեզերի պաշտպանության արդյունքներով կուրսի 21 ուսանողներից 8-ը գերազանցության դիպլոմներ կստանան, իսկ ցածր գնահատականներ չեղան: Բայց առավել կարեւոր է, որ պաշտպանությունն ի հայտ բերեց մագիստրանտների ոչ միայն մասնագիտական խոր գիտելիքները, այլեւ հաղորդակցական ու հռետորական բավականին լավ հմտությունները: Ակնհայտ էր, որ ֆակուլտետում եւ համապատասխան ամբիոններում լավագույնս նախապատրաստվել էին թեզերի պաշտպանությանը, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք հետաքրքիր, հեռանկարային գործարար առաջարկներ: Դրանցից շատերն, անկասկած, գիտական ու գործնական բավականին խոստումնալից ներուժ ունեն:
Հանձնաժողովն արձանագրեց, որ թեզերը համապատասխանում են մասնագիտական բարձր չափանիշներին: Մենք էլ արձանագրենք, որ մասնագիտական աշխատաշուկա ենք ճանապարհում առաջադեմ, նոր մտածողության տեր մասնագետների եւս մեկ փաղանգ:
Շնորհավորում ենք շրջանավարտներին, նրանց դասախոսներին ու ղեկավարներին: