Այսօր՝ հունիսի 9-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ընդգրկում է համատեղ գործունեության մի շարք ուղղություններ:
Ռեկտոր Ուռուտյանը տեսչական մարմնի հետ մեկնարկող գործակցությունը բարձր գնահատեց, մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում կանաչ տեխնոլոգիաների զարգացման, տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործման, տեսչական մարմնի համար համապատասխան մասնագետների պատրաստման, ուսանողների փորձուսուցումների կազմակերպման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղություններում ձեռնարկվելիք համատեղ ջանքերի արդյունավետության տեսակետից:
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը շնորհակալություն հայտնեց գործակցության այս հնարավորության համար, որը երկուստեք լուրջ ձեռքբերում կարող է լինել: Ռեկտորի նշած ուղղություններից զատ, պարոն Շահբազյանն անդրադարձավ նաեւ մի քանի այլ կարեւոր ուղղությունների, որոնք նախատեսվում են համատեղ աշխատանքի ընթացքում: Այդպիսի ուղղություններից են՝ տեխնիկական անվտանգության մասին օրենքը, պետական կառավարման համակարգը երիտասարդ մասնագետների համար գրավիչ դարձնելու անհրաժեշտությունը, հողային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումը եւ այլն:
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը ըստ արժանվույն գնահատեցին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցության հեռանկարները: Նրանք նշեցին, որ մեր մասնագետներն ու լաբորատորիաներն իրենց տեխնիկական հագեցվածությամբ մեծապես օգտակար կլինեն նախանշված ընդհանուր նպատակների իրականացման գործում:
Ռեկտոր Ուռուտյանը, ավանդույթի համաձայն, տեսչական մարմնի ղեկավարին նվիրեց համալսարանի «Սերունդ» գինին եւ «Ֆերմեր» ձեռնարկը: