Համագործակցության հուշագիր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ

Հունվարի 27-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է նախարարության համակարգում կազմակերպել Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը, ինչպես նաեւ միավորել ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում:

Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել ՇՄ նախարարությունում, որն էլ հանդես է եկել համագործակցության առաջարկով։ Նախարար Պետրոսյանը բարձր է գնահատել «գիտահետազոտական և գիտակրթական մեծ պոտենցիալ ունեցող Ագրարային համալսարանի» հետ գործակցության այս հնարավորությունը՝ հուշագրի ստորագրումը համարելով «մեծ համագործակցության առաջին քայլ»։ «Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների, որոնք անմիջականորեն ներդրվելու են Շրջակա միջավայրի կառավարման համակարգում»։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի նախարարությանը եւ նախարար Պետրոսյանին՝ նախաձեռնության համար, որը կարեւոր է, մասնավորապես, ոլորտում կուտակված խնդիրների լուծման գործընթացում բարձրակարգ մասնագետների ներգրավման առումով։ Նա նշել է, որ այս ուղղությամբ համալսարանում իրականացվել եւ իրականացվում են արդյունավետ քայլեր՝ կրթական ծրագրերի արդիականացման եւ ուսումնահետազոտական ենթակառույցների ստեղծման տեսքով։ Պարոն Ուռուտյանը հուշագիրը կարեւոր է համարել նաեւ ՀԱԱՀ-ում արդեն ներդրված աշխատանքային կիսամյակի հայեցակարգի կենսագործման տեսակետից, որով ուսանողը, ավարտելուց անմիջապես հետո այլեւս չի ունենալու մասնագիտական աշխատանքային փորձի բացակայության խնդիրը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի, հուշագիրն ունի երկու գերնպատակ՝ հանրության էկոկրթության մակարդակի բարձրացում և կադրային բանկի ձևավորում, որը երիտասարդ կադրեր «կներարկի», մանավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններին։

Բաց, պատրաստակամ եւ փոխադարձ վստահության վրա հիմնված գործակցությունն առաջիկայում կստանա կոնկրետ ծրագրերի տեսք։

Լուսանկարները՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության