Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում նախատեսված ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացման նպատակով հունիսի 11-ին եւ 15-ին կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացը վարում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դոցենտ Հեղինե Մխիթարյանը եւ դասախոս Նարինե Հովհաննիսյանը:
Դասընթացն անցկացվեց բավականին ինտերակտիվ եւ ջերմ, տրամադրող մթնոլորտում: «Ծրագրի շահառու սկսնակ կին ձեռներեցները վերապատրաստման շրջանակում ծանոթացան հացաթխման, հրուշակեղենի, չրերի պատրաստման, պահածոյացման մասնագիտական նրբություններին եւ այն մուտքային պահանջներին, որոնք հնարավորություն կտան ճիշտ կերպով կազմակերպել սեփական արտադրությունը եւ ստանալ որակյալ արտադրանք»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Շահառուների նպատակային խմբերի համար համալսարանի մասնագետների անցկացրած վերապատրաստման նմանօրինակ կարճաժամկետ դասընթացներն առհասարակ արդյունավետ են, եւ այդ խմբերի կարծիքով՝ կոնկրետ արտադրական ու սոցիալական նպատակների ծառայող: