ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը

0 Shares

Այսօր՝ հունվարի 14-ին Ագրարային համալսարանում տեղի ունեցավ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը` «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Պարոն Ուռուտյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական գործընթացի արդիականացմանը, ենթակառույցների ստեղծմանը, գիտական գործունեությանը եւ հոբելյանական 2020 թ.-ին սպասվող ծրագրերին:

Ուսումնական գործընթացի առնչությամբ ռեկտորը առաջնային համարեց նոր բովանդակությամբ հագեցումը: 2019-ին անցում է կատարվել բակալավրիատի 4-ամյա կրթության համակարգին՝ մեկ աշխատանքային կիսամյակի ներմուծմամբ: Ըստ այդմ, էականորեն փոխվել են ուսումնական պլանները։ Խոշորացումից հետո համալսարանում գործում է 5 ֆակուլտետ: Օպտիմալացվել են նաեւ մասնագիտությունները, կազմվել են նոր մասնագիտական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով արտադրության իրական կարիքները եւ միջազգային փորձը: Բարեփոխվել է դասավանդման մեթոդաբանությունը: Թվայնացվում է ուսումնական գործընթացների կառավարումը:

Համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հնարավորություններն օգտագործելով՝ անցկացվել են Ջերմատնային մշակաբույսերի արտադրության եւ կառավարման 8-ամսյա կրթական ծրագիրը, վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ, ներառյալ աշխարհատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման գծով։

ՀԱԱՀ-ի դասախոսները տարվա ընթացքում իրականացրել են խորհրդատվական աշխատանքներ: Ի դեպ, գյուղատնտեսական խորհրդատվական համակարգը համալսարան տեղափոխելու՝ առայժմ պետականորեն չկարգավորված հարցը լրագրողներին հետաքրքրողներից էր: Որպես մասնագետ-խորհրդատուներ մեր դասախոսները տարվա ընթացքում հետաքրքիր մի քանի ծրագրեր են իրականացրել, մասնավորապես՝ մեծ հոջողություն գրանցելով լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի փորձնական ծրագրում:

Ժամանակակից դուալ կրթության զարգացմանն ուղղված ուսումնաօժանդակ ենթակառույցների ստեղծման ու վերակառուցման առումով 2019թ.-ը աննախադեպ էր Ագրարային համալսարանի համար: Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում գործարկվել է գինեգործարանը եւ Գինու ուսումնագիտական կենտրոնը: Այստեղ արտադրվող գինին շատ շուտով դուրս կգա հայրենական շուկա: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ փետրվարին տեղի կունենա ՀԱԱՀ-ի գինու բրենդի շնորհանդեսը:

Ընթացքի մեջ է ուսումնաարտադրական նոր ջերմատան կառուցումը, որտեղ գործելու է կառավարման «խելացի» համակարգ: Ավարտվել են Ընդհանուր քիմիայի ամբիոնի արդիական լաբորատորիաների վերակառուցման եւ կահավորման աշխատանքները: Շեն ՀԿ-ն ՀԱԱՀ-ին նվիրաբերել է Ակունք համայնքում գտնվող 6,2 հեկտար տարածքով Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը՝ ուսումնական մասնաշենքով, շարժական ջերմոցով, չորանոցով, գյուղտեխնիկայով: 2019-ին Ագրարային համալսարանում հիմնվել է երկրում առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: 2019թ. աշնանը մեկնարկեցին դասընթացները, դեկտեմբերին տեղի է ունեցել ստարթափերի առաջին մրցույթը, որի ժամանակ նախագծեր ներկայացրած 16 թիմերից 4-ն արժանացել են դրամական մրցանակների:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը, պարոն Ուռուտյանը նշեց, որ տարվա ընթացքում համալսարանը կնքել է 13 հուշագրեր արտերկրի տարբեր բուհերի եւ միջազգային (ի դեպ՝ նաեւ 40 տեղական) կազմակերպությունների հետ։ ՀԱԱՀ-ում դասախոսություններով հանդես է եկել 39 դասախոս՝ եվրոպական տարբեր համալսարաններից: Միջազգային շարժունության ծրագրերի եւ միջազգային վերապատրաստումների են մասնակցել ՀԱԱՀ-ի 63 ուսանող եւ 125 աշխատակից:

Միջազգային գործակցության կարեւորագույն ծրագրերից են Վահենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում 2019-ին ստորագրվել է կրկնակի դիպլոմ տալու վերաբերյալ հուշագիր։

2020թ. կրկնակի դիպլոմ առաջարկելու վերաբերյալ եւս մեկ համաձայնագիր կկնքվի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ՝ Երեւանի (EVN) գինու ակադեմիայի Գինեգործության եւ գինու բիզնես երկամյա կրթական ծրագրի շրջանակում։ Վիեննայի BOKU հետ իրականացվող նախագծի շրջանակում ավարտին է հասցվել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակումը: Այն կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարում:

Հոբելյանական տարում համալսարանը շարունակելու է ՀՀ կառավարության եւ արտերկրի իր գործընկերների աջակցությամբ իրականացնել հավակնոտ նոր նախագծեր: Կմեկնարկի, ռեկտորի խոսքով, մեգա-նախագիծ՝ «Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման նախագիծը (ՖՐՈՒԹԵՆԻԱ)», որի նպատակն է ՀԱԱՀ-ի ագրոնոմիական մասնագիտությունների ուսումնական պլանների արդիականացումը՝ ներառելով պտղաբուծության զարգացման արդիական, հարակայուն մոտեցումներ ու հայեցակարգեր: Իսկ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը եւ մրցունակ մասնագետների պատրաստմանը:

Առաջիկայում մեկնարկելիք ծրագրերից են՝ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում «խելացի» անասնաշենքի կառուցումը, կանաչ կերի հիդրոպոնիկ արտադրությունը եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի հիմնումը, Ապարանում գյուղատնտեսական քոլեջի կառուցումը, Վանաձորում գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի ստեղծումը եւ համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում ժամանակակից անտառային ջերմատնային տնկարանի հիմնումը:

Սպասվող հետաքրքիր ծրագրերից է համալսարանի գինեդարանի ավելի քան 100-ամյա պատմական կառույցը գինու տուրիզմի եւ ուսումնական կենտրոնի ժամանակակից կենտրոնի վերափոխելու նախագիծը: Գինեդարանում կստեղծվի նաեւ գինու պատմության թանգարան:

Կառուցված լաբորատորիաներին կավելանան սննդի անվտանգության եւ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաները:

Պատասխանելով լրագրողների հարցերին, պարոն Ուռուտյանն անդրադարձավ համալսարանում ստեղծվող գիտական արդյունքի հանրայնացման եւ առեւտրայնացման խնդրին, շրջանավարտների՝ մասնագիտական աշխատանքի տեղավորման ցուցանիշներին եւ հեռանկարներին (շուկայի՝ արագ փոփոխվող պայմաններում լուծումներից մեկը մասնագետների վերապատրաստումն է), դիմորդների համար մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացմանը: Այս առումով պարոն Ուռուտյանը շեշտադրեց ագրոմասնագիտությունների մրցունակության բարձրացումը եւ համալսարանի ֆինանսական հարակայունության ապահովումը: Երկու ուղղությամբ էլ գործուն ջանքեր են գործադրվում:

Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց իրականացված եւ նախանշված բոլոր նախագծերի շրջանակում աջակցություն ցուցաբերած միջազգային եւ տեղական գործընկերներին: