ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյանը կմեկնի Իտալիա՝ հանդես գալու իր գործարար գաղափարով, որը 2-րդ մրցանակային տեղն է գրավել ագրոբիզնեսի նորարարական ստարտափերի՝ օրերս կայացած մրցույթում: «Զարկ տալով ագրոնորարարություններին» մրցույթը համատեղ կազմակերպել էին Նոր տեխնոլոգիաների կրթական հիմնադրամը (NTEF) եւ Թեքնոլոջի ընդ սայընս դայնամիքս (TSD) ընկերությունը:
Մարիամի եւ ՀԱԱՀ այլ ուսանողներից բաղկացած իր թիմի «TreeCone» գաղափարը երկրորդ հաջողությունն է գրանցում. առաջինը եւ հատուկ մրցանակը՝ 400 ԱՄՆ դոլարի տեսքով, եղել է 2019թ. դեկտեմբերին՝ ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում անցկացված ստարտափների առաջին մրցույթում: Մրցանակը հատկացրել էր «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ընկերությունը՝ դրանով Մարիամին եւ իր ղեկավարած թիմին հնարավորություն ընձեռելով փորձարկելու նորարարական գաղափարը: Իսկ գաղափարը վերաբերում է պտղատու տնկիների ավանդական աճեցման համար ոչ նպաստավոր պայմաններում դրանց կենսունակության բարձրացմանը:
Ուրախալի է, որ Իտալիայում ստարտափ գաղափարը ներկայացնելու հնարավորությունից զատ, թիմը նաեւ ստացել է հետագա գործակցության հարցում TSD ընկերության ղեկավարության հետաքրքրվածության հավաստիացումը:
«Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը մեծապես օգնում է հասկանալ, թե դու իսկապես ինչ ես ուզում, այն տալիս է փորձելու եւ փորձարկելու վստահությունը, առաջնորդելու խիզախությունը եւ ձախողումներից հնարավորինս խուսափելու գիտելիքը», – ասում է Մարիամ Գրիգորյանը: