Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների քաղաքականությունը հաջողությամբ կյանքի է կոչվում: Միայն մարտ ամսվա երկրորդ կեսին եւ ապրիլի առաջին կեսին բազմաթիվ դասախոսներ մասնակցել են կարճաժամկետ ու միջնաժամկետ վերապատրաստման մի շարք ծրագրերի՝ գործընկեր համալսարաններում, մասնավոր բիզնեսում, այլուր:
Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոսները 2 շաբաթ վերապատրաստում են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնում:
Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի 27 դասախոսներ մասնակցել են «Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով վերապատրաստման դասընթացի։ Դասընթացավարը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Իննա Սարգսյանն էր։
Ամբիոնի եւս 10 դասախոս մասնակցել է Մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացի՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, դասընթացավար՝ Լուսինե Գրիգորյան։
Ընդհանուր քիմիայի ամբիոնի 12 դասախոս Երեւանի պետական համալսարանում մասնակցել է «Օրգանական միացությունների հետազոտման ֆիզիկաքիմիական մեթոդներ» թեմայով վերապատրաստման։
Թերապիայի, վիրաբուժության եւ ծննդագիտության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են անասնաբուժության մեջ օգտագործվող ախտորոշիչ սարքավորումների թեմայով՝ «Վետ-Լայն» անասնաբուժական կլինիկայի տնօրեն, ա․գ․թ․ Վահան Խաչատրյանի ղեկավարությամբ։
Վերապատրաստումներն անցկացվում են ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի կազմած հստակ ծրագրով եւ հետեւողական կազմակերպչական ջանքերով: