Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ հունիսի 2-ին կազմակերպել էին կլաստերային հանդիպում՝ միտված «Համալսարան-բիզնես համագործակցություն․ նորարարություն եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագրով քննարկմանը։
«Հանդիպման նպատակն է միեւնույն հարթակում համախմբել եւ ներկայացնել Էրազմուս+ այն ծրագրերը, որոնք ներառում են վերոնշյալ բաղադրիչը՝ հնարավորությունները, ձեռքբերումները, խոչընդոտներն ու վերջնարդյունքները համեմատելու, փորձը փոխանակելու եւ կրթության վրա դրանց ազդեցությունը պարզաբանելու նպատակով»,- ասում է Էրազմուս+ կարողությունների զարգացման ABioNet ծրագրի համալսարանական համակարգող, Կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանը։
Հանդիպման մասնակիցներին ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
Գայանե Մարմարյանը կոնսորցիումի անունից անդրադարձավ ծրագրի մոդելին՝ կրթություն-արտադրություն-նորարարություն տեսանկյունից, ուսանողների ստարթափներին, համագործակցության կայունության ապահովմանը, ծրագրի ձեռքբերումներին եւ մարտահրավերներին։
Միջոցառումը ներառում էր նաեւ պանելային քննարկում, որը միտված էր համալսարան-բիզնես համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները վերհանելուն։
ՀՀ Բարձրագույն կրթական համակարգը ներկայացնում էր ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Պանելիստների շրջանում էին նաեւ գիտության եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Ռեկտորը արժեւորեց ակադեմիական մակարդակում արտադրության եւ ձեռներեցների մասնակցությունը՝ աշխատաշուկայի պահանջներին համահունչ ուսումնական պլանների ձեւավորման, ուսանողների կարողությունների զարգացման եւ շահառուների համար աշխատատեղերի ձեւավորման տեսանկյունից՝ հաղորդակից դարձնելով ՀԱԱՀ-ում ներդրված փորձին։
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ բարձրագույն կրթություն եւ բիզնես համագործակցությունը դեռեւս խնդրահարույց է ոչ միայն Հայաստանում, եւ նմանօրինակ հանդիպումները կարեւոր հարթակ են մարտահրավերների վերհանման, խնդիրների լուծման եւ միջոլորտային համագործակցության ընդլայնման տեսանկյունից։