Լինենք աչալուրջ, իսկ խուճապի պատճառներ չկան. ՀԱԱՀ ռեկտոր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ:

Ինչպես արդեն հայտարարվել է, ՀԱԱՀ-ում այս շաբաթ դադարեցվել է ուսումնական գործընթացը՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշումը:  Այն վերաբերում է ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակիցներին:

Հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհով մեկ եւ թե՛ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մեր երկրում, անում են անհրաժեշտ բոլոր գործողությունները նորահայտ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Նպատակահարմար եմ համարում ձեզ կոչ անել իրականացնել հետեւյալ կանխարգելիչ գործողությունները.

  • Լրջորեն եւ շրջահայաց կերպով վերաբերվել ստեղծված իրավիճակին, միեւնույն ժամանակ ոչ մի դեպքում խուճապի չմատնվել եւ խուճապ չտարածել:
  • Հետեւել Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ այլ աղբյուրների՝ կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությանը:
  • Ձեռքերը պարբերաբար եւ մանրակրկիտ լվանալ համապատասխան լվացող միջոցներով, պահել ձեռքերի ախտահանման միջոցներ:
  • Խուսափել հիվանդ անձանցից, մեծաթիվ հավաքներից, ճամփորդելուց, հնարավորինս՝ հանրային տրանսպորտից:
  • Միմյանց ողջունել առանց ձեռքսեղմումների եւ մանավանդ` «ավանդական» համբույրների:
  • Տանը թե աշխատատեղում մաքրել եւ հնարավորինս ախտահանել ձեր անձնական պարագաները՝ համակարգիչ, հեռախոս եւ այլն:
  • Հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը փակել արմնկածալով կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն օգտագործումից անմիջապես հետո պետք է գցել աղբարկղ:
  • Հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում պարտադիր մնալ տանը եւ բժիշկ կանչել:

Մեր համալսարանի բժշկուհին հաստատակամորեն հորդորում է նաեւ կատարել առնվազն հետեւյալ լրացուցիչ գործողությունները.

  • ֆիզլուծույթով քթի խոռոչների եւ կոկորդի մշակում,
  • դեմքի եւ ձեռքերի մաշկի հականեխիչներով մշակում,
  • մսային սննդամթերքի ջերմային մշակման ռեժիմների պահպանում:

2019թ. դեկտեմբերին Չինաստանի Վուհան նահանգում ի հայտ եկած Coronaviridae ընտանիքի կորոնավիրուսը (հայաստանյան սոցցանցերում արդեն «թագավարակ» հետաքրքիր անվանումը ստացած) միանգամայն հաղթահարելի է, պարզապես պետք է աչալուրջ լինենք:

Մենք կշարունակենք հետեւել պաշտոնական տեղեկատվությանը եւ ձեզ տեղյակ կպահենք հետագա քայլերի մասին:

Հարգանքով՝

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյան