Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Սիրված եւ կարեւոր տոնն այս տարի նշում ենք հայոց պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող սրբազան պատերազմի պայմաններում: Արցախի սահմաններին ամեն օր, ամեն րոպե հանուն հայրենի հողի հերոսացման անօրինակ դրսեւորումների ենք ականատես լինում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ, ձեր եւ Հայաստանի ու Սփյուռքի ձեր գործընկերների անտրտունջ ջանքերը, պրոֆեսիոնալ վարպետությունը եւ Հայրենիքին նվիրվելու ու նրան ծառայելու աննկուն ոգին են, որ, փոխանցվելով ձեր աշակերտներին, նրանց զորեղ ձեռքով ու հզոր կամքով այսօր ջախջախում են դարավոր ոսոխին մեր սահմաններին, ռազմի դաշտում, նաեւ՝ ամուր ու անխոցելի պահում թիկունքը:
Վարժարանի սիրելի ուսուցիչներ, ես հպարտ եմ, որ մանկավարժի ձեր ամենօրյա պատասխանատու եւ պատվավոր աշխատանքում դուք նաեւ Հայրենիքին ու նրա ազատության իդեալներին նվիրվածության սերմեր եք ցանում ձեր սաների հոգիներում: Շնորհակալություն այդ հայրենասիրական աշխատանքի համար, որը լավագույն օրինակ է ձեր աշակերտների ու բոլորի համար:
Ջերմորեն շնորհավորում եմ ՀԱԱՀ վարժարանի եւ առհասարակ Հայաստանի ու Սփյուռքի բոլոր ուսուցիչներին մասնագիտական գեղեցիկ տոնի առթիվ: Առաջին եւ ամենակարեւոր մաղթանքս է, որ ձեր բոլոր սաները, ովքեր այսօր հերոսաբար պաշտպանում են Հայրենիքի սահմաններն ու արժանապատվությունը, ողջ-առողջ ու հաղթանակած վերադառնան տուն եւ ամուր գրկեն իրենց ծնողներին, հարազատներին ու ձեզ: Մաղթում եմ նաեւ, որ ձեր ներկա ու ապագա աշակերտները հերոսանան միայն խաղաղ պայմաններում՝ ստեղծագործ աշխատանքով շենացնելով մեր երկիրը:
Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին: