Գիտխորհրդի հերթական նիստը կայացավ այսօր՝ հունիսի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական երկու հարցերը վերաբերում էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2021թ. ապրիլի 27-ին և մայիսի 1-ին հայտարարված ամբիոնի վարիչի եւ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնների, ինչպես նաեւ դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթների կազմակերպմանը:
Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը՝ ներկայացնելով Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի թեկնածուի, Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի թեկնածուի, դոցենտի կոչմանը հավակնող վեց թեկնածուների համառոտ կենսագրությունները: Ինչպես տեղեկացրեց գիտական քարտուղար Գայանե Ավագյանը, դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթին թույլատրվում են ժամանակագրական առումով ամենավաղ դիմումներ ներկայացրածները. վեց թեկնածուները դիմել էին դեռեւս 2020թ.-ի փետրվարին: Գիտխորհրդի հաջորդ նիստին կկազմակերպվի մրցույթ հաջորդ խումբ հավակնորդների համար: Գիտքարտուղարի տեղեկությունից պարզ դարձավ, որ գիտական կոչման հավակնորդների պակաս չունենք մեր երիտասարդ դասախոսների շրջանում, որը խրախուսելի է:
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նունե Սիմոնյանը, որը ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն էր, ներկայացրեց ամբիոնի զարգացման իր հայեցակարգը՝ ուսումնական գործընթացի, գիտության եւ անձնակազմի որակավորման բարելավման, ուսանողակենտրոն միջավայրի կատարելագործման, ամբիոնում արդեն իրականացվող բարեփոխումների խորացման իր պատկերացումներով:
Արձագանքելով մրգային օղիների թորման լաբորատորիայի, միկրոգարեջրագործության եւ հացի-հրուշակեղենի արտադրության մոտալուտ հիմնման եւ այս ոլորտներում վերապատրաստման անհրաժեշտության մասին ռեկտոր Ուռուտյանի դիտարկմանը, տիկին Սիմոնյանը հավաստիացրեց, որ բարեփոխված ուսպլանների, միջազգային եւ տեղական գործընկերների հետ ընդլայնվող կապերի ու ուսանողների փորձուսուցումների որակի բարձրացման համատեքստում պատշաճ ձեւով կիրականացվեն նաեւ համապատասխան մասնագետների վերապատրաստումները:
Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնի միակ հավակնորդն էլ Ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի նախկին տեղակալ, տ.գ.թ., Ավտոտրակտորների եւ գյուղմեքենաների ամբիոնի դոցենտ Վարդան Վարդանյանն էր: Նա գիտխորհրդի դատին հանձնեց քոլեջի զարգացման հնգամյա իր ծրագիրը: Ակնկալվում է, որ միջին մասնագիտական կրթության որակի բարձրացման հրամայականը, պարոն Վարդանյանի պատկերացմամբ, 13 մասնագիտություններ առաջարկող մեր քոլեջում լուծվելու է՝ կրթության որակի բարձրացման, այդ թվում՝ դասավանդման մեթոդների արդիականացման, աշխատաշուկայի պահանջների հաշվառումով ուսումնական պլանների բարեփոխման, դուալ համակարգի ներդրման, փորձուսուցումների արդյունավետության բարձրացման եւ այլ միջոցներով:
Գործընկեր ձեռնարկությունների՝ ռեկտորի նախաձեռնությամբ մշտապես ստվարացող խումբը պարտավորվում է ուսանողներին վճարել փորձուսուցումների համար: Պարոն Ուռուտյանը հույս հայտնեց, որ մասնավոր հատվածի հետ աշխատելու համալսարանի ընդհանուր փորձը օգտակար կլինի քոլեջի նոր ղեկավարությանը՝ նաեւ ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալու համար:
Սպասում ենք Վարդան Վարդանյանի եւ Նունե Սիմոնյանի նախաձեռնություններին. գիտխորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ գրեթե միաձայն նրանք ընտրվել են համապատասխան պաշտոններում:
Կսպասենք նաեւ ձայների նույնպիսի բաշխվածությամբ դոցենտներ ընտրված մեր վեց երիտասարդ դասախոսների հաջողություններին, ընդ որում՝ ոչ միայն լսարանում, դաշտում կամ լաբորատորիայում, այլեւ միջազգային գիտական հարթակներում, որի պահանջը՝ հորդորի տեսքով, նրանց առջեւ դրեց ռեկտոր Ուռուտյանը՝ շնորհավորանքի խոսքերից անմիջապես հետո: Ագրարային համալսարանի դոցենտների ցուցակը համալրեցին Նարինե Կարապետյանը, Մերի Բաղդասարյանը, Լիլիա Սամվելյանը, Ալիսա Գրիգորյանը, Նարինե Հովհաննիսյանը եւ Քրիստինե Սահակյանը:
Գիտխորհրդում քննարկված ընթացիկ հարցերից էին ՀՀ գիտության կոմիտե ՀԱԱՀ աշխատակիցների գիտական աշխատանքների մի շարք հայտերի ներկայացման հարցը, ինչպես նաեւ «Հայաստանի հողերի արդի վիճակը» արժեքավոր աշխատության տպագրության թույլատրումը: