Զարուհի Հովեյանը սովորում է մագիստրատուրայում՝ բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ: Թագավարակի պարտադրած անսովոր պայմաններում համակուրսեցիների հետ առցանց հետեւել են դասընթացներին, հանձնել են երեք քննություն, մոտ օրերս նույն ձեւաչափով կպաշտպանեն նաեւ ավարտաճառերը:
«Արտակարգ դրության պայմաններում միանգամայն ճիշտ լուծում գտնվեց: Մենք ժամանակն ավելի արդյունավետ էինք օգտագործում, դասախոսները մատուցման ավելի ժամանակակից միջոցներ էին կիրառում: Լրացուցիչ հանձնարարությունները մեզ ավելի պրպտուն եւ հետաքրքրված դարձրին, օժտեցին նոր հմտություններով: Ավարտաճառերի պաշտպանությունը բնականաբար կուղեկցվի շնորհանդեսային ծրագրերով, ցուցադրական նյութերով»,-ասում է Զարուհին:
Առցանց եղանակով նա գերազանց է հանձնել Էկոլոգիական անվտանգություն, Տեխնածին համակարգեր եւ էկոլոգիական ռիսկերի վերլուծություն, Բույսերի կենսատեխնոլոգիա եւ կենսաբազմազանության պահպանություն առարկաների քննությունները: Մեր զրույցի ընթացքում Զարուհին նշեց, որ ՏՏԿ արհեստավարժ աշխատակիցներն ամեն ինչ արել էին բարձր մակարդակով՝ մարդկային գործոնը բացառելու, ակադեմիական ազնվությունն ու անաչառ գնահատումն ապահովելու համար։
«Քննության հենց սկզբից ամեն ինչ անսովոր էր, բայց հետաքրքիր՝ «տոմս քաշելուց» սկսած: Մենք նստած էինք տեսախցիկի առջեւ, առանց ականջակալների, կողմնակի՝ օգնող կամ խանգարող որեւէ գործոն չկար: Դասախոսները գնահատականն ավելի ճշգրիտ դարձնելու համար լրացուցիչ հարցեր էին տալիս: Մեր հարցերի շուրջ հանդարտ մտածելու, մտքերը ի մի բերելու ժամանակ ունեինք»:
Ակնհայտ է մի բան․ նոր պայմաններում ուսանողներն ավելի կարգապահ, ավելի կազմակերպված ու ճշտապահ են դարձել: Եւ դասից ուշանալ այլեւս չկա, եւ քննության ժամանակ ծածկագրերից չես օգտվի, ոչ էլ ընկերներդ կհուշեն: Արձանագրենք՝ մենք ընդհուպ մոտեցել ենք ակադեմիական ազնվության լիակատար հաղթանակին: