Կենսագործունեության անվտանգության 4-րդ կուրսի ուսանողները շատ լավ հնարավորություն էին ստացել Շրջակա միջավայրի մոնիտորինգ եւ տեխնիկական միջոցներ առարկայի գործնական պարապմունքն անցկացնելու ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Նախաձեռնությունը ԿԱ ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանինն էր, որը մշտապես ձգտում է ուսանողներին հաղորդակից դարձնել ոլորտում եղած լավագույն տեխնիկակա հնարավորություններին եւ երկրի առաջատար տնտեսավարողների գործելակերպերին:
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ընդանուր եւ գազային քրոմոտոգրաֆիայի հիմունքներին, դետեկտորների, ինժեկտորների տեսակներին, նմուշապատրաստմանը եւ դրանց եղանակներին, ինչպես նաեւ սննդի եւ դեղերի նմուշապատրաստման առանձնահատկություններին:
Ծանոթացան նաեւ միջազգային GLP եւ ԻՍՕ/ԻԷԿ 17025 չափորոշիչներին, որոնց պահանջների համապատասխան նախագծված, կառուցված եւ գործում է լաբորատորիան:
«Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որն առավել արդյունավետ դարձրեց գործնական պարապմունքը: Շնորհակալ ենք ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիայի ղեկավարությանը՝ նման արդյունավետ դասի հնարավորություն ընձեռելու համար», – ասում է տիկին Խաչատրյանը:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ-ն երկրի եւ տարածաշրջանի առաջատար կառույց է, որի լաբորատոր համալիրն ունի սննդի որակի եւ անվտանգության, դեղերի որակի եւ կենսահամարժեքության, ծխախոտի եւ մանրէաբանական փորձարկումների բաժիններ: Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ Կոտայքի մարզի Նոր գյուղում: