Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Ինչպես խթանել գյուղատնտեսական արտահանումը, արտահանման ոլորտի ներդրումները. խոչընդոտներ եւ մարտահրավերներ» վերտառությամբ սեմինար-քննարկում, որը նախաձեռնել էին ՀԱՀ-ը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:
Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Շեշտելով գյուղատնտեսական արտահանումների կարեւորությունը Հայաստանի համար, տիկին Մարկիդեսն ասաց, որ այս սեմինարը նախեւառաջ արտահանման ոլորտի բոլոր շահակիցների միջեւ վստահության եւ երկրի համար մրցակցային առավելությունների ստեղծման խնդիր է հետապնդում: Նրա կարծիքով, անհրաժեշտ է հասնել փոխակերպելի լուծումների, որոնք հնարավոր կլինեն գիտական մտքի, ագրարային ճիշտ քաղաքականության, նոր տեխնոլոգիաների, շրջանաձեւ տնտեսության եւ առաջադիմական այլ վերափոխումների միջոցով:
Ելնելով ֆերմերային տնտեսությունների փոքր չափերից, կտրտվածությունից, նախարար Քերոբյանը կարեւոր համարեց հողերի խոշորացման, միեւնույն ժամանակ տնտեսությունների արդյունավետության բարձրացման հրամայականը, որը եւ դարձել է պետական քաղաքականության մաս: Մեկ այլ մարտահրավեր է լոգիստիկ շղթաներում տիրող վիճակը, որի շտկումը նախարարը տեսնում է հաստատութենական բարելավումների հետ մեկ շղթայում. այս ուղղությամբ նույնպես նախարարությունը քայլեր է ձեռնարկում: Լուծումների շարքում նախարար Քերոբյանը նշեց նաեւ ոչ գյուղատնտեսական ոլորտներում նոր աշխատատեղերի բացումը, գյուղատնտեսությունում նորարար տեխնոլոգիաների ներդրումը, այդ թվում՝ Ագրարային համալսարանի եւ կարողունակ այլ հաստատությունների հետ կապերի ամրապնդման միջոցով:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ Սեմինարի մասնակիցները ներկայացնում են շահակից պետական, կրթական եւ մասնավոր կառույցների հենց այն հանրությունը, որոնց արդյունավետ համագործակցությունը մեծապես կանխորոշելու է գյուղատնտեսության ոլորտում արտահանումների եւ ներդրումների խթանումը: «Ցանկալի արդյունքի հասնելու սկզբունքային ուղղություններից են այսօրվա եւ վաղվա մարտահրավերներին պատրաստ, տեխնոլոգիապես գրագետ մասնագետների պատրաստումը, ստեղծվող գիտական արդյունքի գործնական կիրառության հնարավորությունների օգտագործումը, կրթություն-գիտություն-խորհրդատվություն եռամիասնական կապի ամրապնդումը», – ասաց պարոն Ուռուտյանը՝ գոհունակություն հայտնելով, որ Ամերիկյան համալսարանի հետ հուշագիր ստորագրելուց եւ համատեղ ծրագրերի մտադրությունների քննարկումից հետո անցել ենք գործնական փուլին:
Սեմինարի հիմնական բանախոսներից Կոստաս Կարանտինինիսը՝ Շվեդիայի Գյուղատնտեսական գիտությունների համալսարանից, հեռավար միացմամբ խոսեց Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խթանման նպատակով գյուղատնտեսական տնտեսագիտության զարգացման հեռանկարների մասին: Դոկտ. Կարանտինինիսը բավականին մանրակրկիտ վերլուծության ենթարկեց առկա իրավիճակը եւ հետաքրքիր առաջարկներ արեց, մասնավորապես, տնտեսության գյուղատնտեսական կողմնորոշումը արդյունաբերականով փոխարինելու, ներմուծումից մեծ կախվածությունը մեղմելու, գյուղարտադրողների շրջանում կոոպերացիայի խրախուսման, երկրի իմիջի/բրենդավորման ծրագրի իրականացման անհրաժեշտւթյան մասին եւ այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը խոսեց ջրային ռեսուրսների կառավարման բարելավման, գյուղատնտեսությունում արտադրողականության բարձրացման, ԵԱՏՄ շուկայում այսօր առկա դեֆիցիտը որպես հնարավորություն դիտարկելու, Միջին Արեւելքի երկրների պոտենցիալ շուկայի օգտագործման հեռանկարների եւ այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերի, արտահանումները խթանելու գործում լոգիստիկ շղթաների դերի բարձրացման, ոչ միայն երկրների, այլեւ մատակարարման շղթաների մակարդակով շուկայի բազմազանեցման, աշխատուժի արդյունավետության բարձրացման եւ արժեշղթաներում հավելյալ արժեքի ստեղծման մասին: Փոխնախարար Խոջոյանը խոսեց նաեւ գյուղներդրանքներ ձեռք բերելու նպատակով տրվող վարկերի, գյուղտեխնիկայի լիզինգի բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապահովագրության առաջին հաստատուն քայլերի մասին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի բանախոսության թեման գյուղատնտեսական կոոպերացիան էր: Սթափ գնահատելով ոլորտում առկա իրավիճակը, պարոն Ուռուտյանը օրինաչափ համարեց ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժնի աստիճանական նվազումը, չնայած արտադրության ծավալների որոշակի աճին: Ռեկտորը վեր հանեց արտադրողականության, հողօգտագործման ծավալների, տեխնոլոգիաների, ենթակառույցների, պարենային ապահովության եւ սննդի անվտանգության, մասնագիտական զարգացման բնագավառներում առկա հիմնական խնդիրները եւ առաջարկեց համապատասխան լուծումներ:
Այս համատեքստում մեծ կարեւորություն ունեն գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնց դերը արժեւորելուց, դրանց զարգացման ճանապարհին ծառացած դժվարությունները թվարկելուց հետո պարոն Ուռուտյանը օրինակներ բերեց հաջողված միջազգային փորձից, ինչպես նաեւ գոհունակությամբ նշեց, որ կոոպերատիվների զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման առումով որոշակի դրական տեղաշարժեր կան օրենսդրական մակարդակում: Գլոբալ ագրոտեխնոլոգիական շուկայի արագ տեմպերով զարգացումը մեզ պարտադրում է լինել տեխնոլոգիական առաջընթացի մաս, նշեց ռեկտոր Ուռուտյանը:
ՀԱՀ-ի Մանուգեան Սիմոն գործարարության եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի՝ ներդրումների կլիմայի ասպեկտների մասին բանախոսության հիմնական մեխն այն էր, որ գյուղոլորտում արտահանումների խթանման համար դրամից բացի, կարեւոր է ապահովել նաեւ նպաստավոր միջավայր եւ ստեղծել ճիշտ ենթակառույց՝ տնտեսությունների չափերի խոշորացման, ոռոգման համակարգի բարելավման եւ լոգիստիկ շղթայի զարգացման միջոցով:
Սեմինարն ավարտվեց հետագա համագործակցության վերաբերյալ կողմերի հստակ պայմանավորվածություններով եւ մեր համալսարանի «Սերունդ» գինու սպասված համտեսով: