Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀԱԱՀ-ի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսության տարածքում փորձարկվեց ցողման միջոցով բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքար իրականացնող անօդաչու թռչող սարքը:
Հանրահայտ DJI ընկերության արտադրած անօդաչու երկու սարքերից մեկը՝ չափերով շատ ավելի փոքրը, նախապես գնահատում եւ կարգաբերում է տվյալ դաշտի կամ այգու՝ վնասատուներով ու հիվանդություններով վարակվածության կամ մոլախոտվածության աստիճանը եւ համապատասխան «հրահանգներով» ապահովում երկրորդին՝ սրսկման բուն գործողությունը կատարողին:
Բույսերի պաշտպան անօդաչուները համալսարանին հատկացվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր են ստորագրել այս տարվա հունվար ամսին, ընդ որում անօդաչու թռչող գյուղատնտեսական սարքի ձեռքբերումը գործակցության բավականին լայն շրջանակի մաս է կազմում:
Բացի ռեկտոր Ուռուտյանից եւ պարոն Բոկերսից, բույսերի պաշտպան անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքին ականատես եղան համալսարանի, գործընկեր կազմակերպության, արտադրող ընկերության ներկայացուցիչները, ակունքցի ֆերմերներ, լրագրողներ: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ նշեց, որ, ինչպես եւ Ագրարային համալսարանի բազմաթիվ այլ նախաձեռնությունների դեպքում է՝ գյուղատնտեսական անօդաչու սարքերի աշխատանքից օգտվելու են ոչ միայն ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ՝ ուսումնական ու հետազոտական նպատակներով, այլեւ համայնքի եւ մարզի ֆերմերներ՝ գործնական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար: Պարոն Ուռուտյանը հավելեց, որ Ակունքի տնտեսությունում, որտեղ շաբաթներ առաջ շահագործման է հանձնվել ոռոգման սեփական ջրավազանը, կտնկվեն լրացուցիչ այգիներ, կմշակվեն բարձրարժեք մշակաբույսեր, տնտեսությունը կունենա սեփական եղանակային կայանը, կկառուցվի նաեւ 200 քառ. մ տարածքվ ջերմատուն, իսկ գրասենյակային տարածքը կօգտագործվի ուսումնական, փորձուսուցման ու վերապատասրատման նպատակներով: Հիշեցնենք, որ ավելի քան 6 հեկտար տարածքով Ակունքի տնտեսությունը համալսարանին է նվիրաբերել Շեն ՀԿ-ն:
Պասկալ Բոկերսը, գոհունակություն հայտնելով ընդհանրապես Ագրարայինի հետ գործակցության ընթացքից, նկատեց. «Տասը-տասնհինգ տարի անց այսպիսի տեխնոլոգիաները այլեւս չեն կոչվի նորագույն, այլ կդառնան ամենօրյա օգտագործման միջոցներ, եւ շատ ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ուսանողներն ու հայ ֆերմերներն այսօր արդեն ունեն այս տեխնոլոգիաները սովորելու եւ ուսումնական ու արտադրական նպատակներով դրանք կիրառելու հնարավորությունը»:
Առաջիկայում նախատեսվում է համալսարանից մի քանի մասնագետների, այդ թվում՝ ասպիրանտի, գործուղել գյուղատնտեսական թռչող սարքի կառավարման համապատասխան դասընթացի, որի յուրացումը թույլ կտա հետագայում մասնագիտական գիտելիքները հաղորդել ուսանողներին: