Համաձայն ՀԱԱՀ ռեկտորատի հանձնարարականի՝ Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը, տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ, քննարկելով ՀՀ–ում արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման հնարավորություններն ու եղանակները՝ գործի է անցել։
Ստեղծված իրավիճակը յուրատեսակ փորձաքար է թե՛ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների համար: Սակայն ժամանակին օգնության եկան մայր բուհի առաջարկած ՏՏ գործիքակազմերը եւ ուղեցույցները։ Մասնաճյուղում այսօր յուրացնում եւ սկսում են կիրառել էլեկտրոնային ուսուցման բոլոր հնարավոր հարթակները՝ Messenger, Viber, WhatsApp, Zoom.us, Ֆեյսբուք, տեսաչաթեր եւ այլն։
Վանաձորի մասնաճյուղի գործընկերների համոզմամբ, գործիքակազմերն ու ուղեցույցները դյուրինացնում են հեռավար համակարգով դասագործընթաց իրականացնելը եւ մեծապես օգնում մասնաճյուղի շատ դասախոսների ու ուսանողների՝ նոր հմտությունների յուրացման հարցում։ Իսկ Էլեկտրոնային հարթակներում աշխատելու որոշակի հմտություններ ու կարողություններ ունեցողների առջեւ, ըստ էության, բացվել է դրանք զարգացնելու լավագույն հնարավորություն:
Ինչպես ամբողջ համալսարանում, այնպես էլ Վանաձորի մասնաճյուղում համոզված են՝ հեռավար ուսուցումը հաջողությամբ ենք իրագործելու եւ առավել ուժեղացած ենք դուրս գալու ճգնաժամից: