Անասնաբուժականի ուսանողները ծանոթանում են CARD-ի կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրին

ՀԱԱՀ-ի եւ մասնավորապես Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի հին ու բարի գործընկեր Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությունը հատուկ նախատեսված էր ֆակուլտետի ուսանողների համար: «Կենդանիների համարակալում եւ հաշվառում» ծրագրին նվիրված՝ փետրվարի 9-ի սեմինարից ստացած գիտելիքները օգտագործելու են հենց նրանք՝ մեր երկրում երկար սպասված եւ վերջապես մեկնարկած այս կարեւորագույն գործընթացի վաղվա պատասխանատուները:

CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանն, ինչպես միշտ, ջերմորեն ողջունեց Ագարարայինի ուսանողներին՝ նշելով երկրում անասնաբուծության զարգացման եւ ոլորտում ծառայությունների արդյունավետ իրականացման տեսակետից գյուղատնտեսական  կենդանիների համարակալման եւ հաշվառման հրատապությունը:

Կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը նույնպես ողջունեց ուսանողներին եւ իրազեկեց ծրագրի ընթացքի մասին՝ շեշտելով անասնաբուժական, սննդի անվտանգության, հանրային առողջության ոլորտների ծրագրերի իրականացման գործում համարակալման եւ հաշվառման, ինչպես նաեւ ստեղծվող համապատասխան տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանի դերը:

Կենդանիների համարակալման եւ հաշվառման՝ մեկնարկած գործընթացի վերաբերյալ հանգամանալից մասնագիտական բացատրություններ տվեց CARD հիմնադրամի Կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը՝ ցույց տալով գործընթացի էությունը, համապետական նշանակությունը եւ դրանում CARD-ի էական դերակատարությունը, ինչպես նաեւ ուսանողներին հաղորդակից դարձրեց ականջապիտակների ամրացման մեթոդաբանությանը:

Ուսանողներին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տալուց զատ, Սերգեյը նրանց տրամադրեց ՀՀ-ում համարակալված խոշոր եղջերավոր կենդանիների տվյալների ներմուծման եւ Ականջապիտակի ամրացման ուղեցույցները, ինչպես նաև CARD-ի «Ագրոմշակույթ» ամսագրի 2019թ. 10-րդ համարը, որտեղ հանգամանորեն նկարագրված է կենդանիների համարակալման համակարգի կարևորությունը և խնդիրները:

Սեմինարը համավարակի մեղմացմամբ պայմանավորված բուհական առօրյայի աստիճանական աշխուժացման լավագույն հնարավորություններից մեկն էր մեր ուսանողների համար՝ հաշվի առնելով ոչ միայն բուն թեմայի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, այլեւ CARD-ի ստեղծագործ, պրոֆեսիոնալ միջավայրում լինելու եւ ագրոբիզնեսի զարգացման ոլորտի առաջատար կազմակերպության աշխատակազմի հետ կապեր ստեղծելու պատեհությունը: