Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթ 2021-ը տեղի կունենա փետրվարի 20-ին

ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ImpactAim ANAU AgriTech Accelerator ծրագիրն ավարտել է Ագրոտեխնոլոգիական ստարտափերի հերթական՝ 3-րդ մրցույթի համար ստացված հայտադիմումների ընտրության գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը, մրցույթին մասնակցելու համար ընդհանուր առմամբ հայտադիմումներ են ստացվել ավելի քան 90 ստարտափ թիմերից, որոնցից 10-ն ընտրվել է որպես Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթ 2021-ի՝ փետրվարի 20-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակից:

Մրցանակային ֆոնդն այս տարի աննախադեպ է՝ ընտրված տասը թիմերը կպայքարեն 35 հազար եվրո մրցանակային ընդհանուր ֆոնդի իրենց մասնաբաժնի համար: Թիմերը հանդես են գալու գյուղատնտեսական արտադրության արդիականացման շատ հետաքրքիր գաղափարներով, ինչպիսիք են գինու հնեցման գործընթացի ավտոմատացման համակարգը, անօդաչու թռչող սարքի միջոցով գյուղատնտեսական աշխատանքների ավտոմատացումը, անջրդի ու սակավաջուր տարածքներում այգեգործության զարգացումը, գյուղմթերքի մատակարարման շղթայի արդյունավետության բարձրացումն ու հետագծելիության ապահովումը, «կարդացող» սարքերի միջոցով մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը եւ այլն:

Մասնակիցներն իրենց ստարտափ գաղափարները ներկայացնելու հնարավորություն կունենան ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի նորակառույց հարմարավետ ու գեղեցիկ սրահում:

Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթ 2021-ի բանախոսների թվում են ոլորտի մի շարք պատասխանատուներ, փորձագետներ ու առաջնորդներ, այդ թվում Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ այլք: Մրցույթի ժյուրին բաղկացած է ոլորտի ճանաչված միջազգային փորձագետներից:

Եվ այսպես՝ 2021թ.-ի փետրվարի 20, ծրագրի Ագրոտեխնոլոգիական ստարտափերի 3-րդ մրցույթ, ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում:

Մանրամասներին կարելի է ImpactAim ANAU AgriTech Accelerator-ի ֆեյսբուքյան էջում: