Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման ավարտական կուրսի ինն ուսանողներից չորսը գերազանց, իսկ երկուսը լավ գնահատական ստացան դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ: Հանձնաժողովին ընդհանուր առմամբ բավարարեց, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտորեն գոհացրեց ուսանողների մասնագիտական գիտելիքների մակարդակը:
Անշուշտ, ոլորտում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներին առնչվող թեմաների պակաս չկա, եւ այնպիսի տպավորություն կար, որ ուսանողների թիվը չի բավականացնում այդ թեմաները քննության առնելու համար… Սակայն կարեւորն այն է, որ ընտրված եւ ղեկավարերի հետ «մարսված» թեմաներն էլ բավական էին մեր ուսանողների արդիական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ի հայտ բերելու համար: Սնման մակերեսի ազդեցությունը կերի ճակնդեղի բերքի քանակի վրա, ցանքի ժամանակաշրջանի ազդեցությունը դդմիկի բերքի քանակի վրա եւ այլ թեմաները հաճախ դուրս էին գալիս դիպլոմային աշխատանքի պաշտպանության «ավանդական» հունից եւ վերածվում հավասար գործընկերների գիտական խոսակցության, բանավեճի նյութ:
Արդյունքները չեն կարող չգոհացնել՝ տարբեր առումներով, եւ հաճույքով արձանագրում ենք, որ այս մայիսը «ճտերը հաշվելու լավ աշուն» եղավ ագրոնոմների համար: