Ագրարային համալսարանը «Սերունդ» գինով, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագետների ու ուսանողների հրաշագործած հացատեսակներով ու հրուշակեղենով, եւ իհարկե հիմնափոխված կրթական ծրագրերով էր ներկայացել «Կրթություն եւ կարիերա» հոբելյանական 20-րդ ցուցահանդեսին, որն ավանդաբար անցկացվում է Երեւան էքսպո ցուցահանդեսային կենտրոնում։
ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի, բաժնի աշխատակիցների եւ ուսանողների ներկայացմամբ ՀԱԱՀ-ի տաղավարի այցելուները, այդ թվում՝ դպրոցականները, լիարժեք տեղեկություններ են ստանում համալսարանի ագրոտեխնոլոգիական փոխակերպման ընթացքի մասին, ծանոթանում մերոնց մտքի արգասիք տեխնոլոգիական մոդելներին եւ համտեսում համալսարանում ստեղծված բարիքները:
Երեկ՝ ցուցահանդեսի առաջին օրը, տաղավար է այցելել նաեւ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Թռչունյանը, հետաքրքրվել ցուցանմուշներով եւ նոր ծրագրերով, հաճույքով լուսանկարվել ագրարայինցիների հետ: Իսկ տեխնոլոգիական առաջընթացին պարոն Թռչունյանն արդեն ծանոթ էր, ավելին՝ ագրոոլորտի ստարտափների վերջին մրցույթում, որ կազմակերպել էր մեր Ագրոտեխինկուբատորը, հենց նրա ղեկավարած խումբը հաղթողների շարքում էր:
Ցուցահանդեսը կշարունակվի այսօր եւ վաղը: