Երեկ՝ մայիսի 11-ին, ագրիթեք սրահում շարունակվեց ՈԳԱ կենտրոնի կողմից իրականացվող «Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստումը, որն անշուշտ նպատակային էր եւ արդյունավետ: Հավաքվել էին հավասարազոր ուժեր՝ իրար արժանի, եւ, ուրեմն, նաեւ իրար գնահատող: Քննարկման նյութը մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովումն էր: Թերեւս, որեւէ բուհի գործունեության անկյունաքարը, դրա ամրությունից են կախված մյուս ձեռքբերումները:
Բուհի առաքելություն, գնահատման չափորոշիչներ, պլանավորում-իրականացում, հենանշում, պրոֆեսորադասախոսական կազմ եւ սերնդափոխություն: Այս ամենի մասին խոսեցին ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը եւ նույն կառույցի աշխատակիցներ Նառա Սահակյանն եւ Արմինե Զաքարյանը: Իրենց լավագույն փորձը ներկայացրին դոցենտներ Աննա Դաշտոյանն ու Արման Հարությունյանը:
Հետո՝ բուռն քննարկումներ-քննարկումներ, իրար լրացնող, լավագույն փորձը սփռող, կրթությունն էլ ավելի որակյալ դարձնելու համար նոր ճանապարհներ-միջոցներ-գործիքներ բացահայտող միջավայր, որտեղ իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն ունեին նաեւ առաջին կուրսեցիները:
Լավատեսական մի բան մնաց երկօրյա աշխատանքից հետո: Համոզվածություն, որ մեր աշխատանքն ավելի նպատակային ու որակյալ կլինի: Մի աշխատանք, որ անվերջ է…