«Մեր հողը սիրելու հող է» Դավիթ Դավթյան

Ապրիլի 8-ին ԱԲՖ եւ ԱԷ մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողների խնդրանքով, դասախոսի՝ Կարինե Մնացականյանի հրավերով հյուրընկալել էինք «Գյուղատնտեսությունը կյանք է» մաթեմատիկական ճշգրտությամբ բանաձեւված թեւավոր արտահայտության հեղինակին՝ Դավիթ Դավթյանին:

Մեր հյուրը հենց սկզբից խոսեց շիտակ, ազնիվ եւ լսարանը անմիջապես ընդունեց ու գնահատեց հաղորդակցման այդ կանոնները: Ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից է: Ագրարայինի անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ուսանող դարձել է նորին մեծություն պատահականության մեղքով՝ հայտը սխալ էր լրացրել: Հենց սա էր պատճառը, որ առաջին կուրսում աչքի չէր ընկնում ո՛չ սովորելով, ո՛չ կարգապահությամբ՝ մասնագիտությանը սիրտը չէր կպչում: Իսկ նման դեպքերում ի՞նչ է պատահում ուսանողի հետ․ ակադեմիական պարտքերի պատճառով բանակ են գնում: Բանակում ծառայությունը լավ ժամանակ էր իր երազանքներն ու անելիքները հստակեցնելու, կարողությունները ճշտելու համար:

Վերադարձից հետո արդեն լավ գիտեր աշխատանքի ու կրթության արժեքը, դրանց անքակտելիությունը. «Կրթությունը միայն լսարանում չէ, այլ նաեւ աշխատավայրում, երբ գործնականում ամրակայում ես համալսարանում սովորածդ»:

Մեր հյուրը երիտասարդներին պատմում էր իր փորձի, հիասթափությունների, նաեւ հաղթահարված դժվարությունների ու այսօր արդեն գոհացնող արդյունքի մասին:

-Ավանդական գյուղատնտեսությունը կռիվ է հողի հետ: 21-րդ դարում քարից հաց քամող հայը ժամանակավրեպ է: Մասնագիտական գիտելիքներ եւ սեր՝ սա է բիզնեսի հաջողության նախապայմանը,-ասում է Դավթյանը:

Իսկ մեր երկիրը կլիմայական բազմազանության ու հնարավորությունների մի հրաշալի համադրություն է, եւ երիտասարդների համար դաշտն ազատ է՝ գործել-աշխատել է պետք: Սա ասում է մի մարդ, որ սխալվելով ու շտկելով քայլ առ քայլ կերտել է իր ընտանիքի օրինակելի ագարակը, որ ճագարաբուծության ոլորտում ամենախոշորն է Հայաստանում, որ հարավկովկասյան ամենամեծ՝ ծնեբեկ արտադրող տնտեսությունն է: Այս բույսի որակները լիովին համապատասխանում են եւրոպական չափորոշիչներին եւ արտահանման ծավալները հարաճուն են: Ընդ սմին, նրանք չեն մոռանում-աչքաթող չեն անում հայ սպառողի շահը: Ընկերային հարթակներում էլ (հետեւորդների մեծ բանակ ունի) հաջողության գրավականը, ոչ թե սոցիալական մեդիա մարքեթինգի հայտնի օրենքների մեխանիկական կիրառումն է, այլ չափազանց ազնիվ խոսքը, որ շատ արագ հասնում է հանրության մտքին ու սրտին:

Հարցերը շատ էին, Դավիթ Դավթյանի պատասխանները-հորդորը՝ հստակ.

-Դուք պետք է լինեք ժամանակակից տնտեսություն կառուցելու հարցում մեր դեսպանները: Դուք կարող եք մշակույթ փոխել: Ես շատ շուտ հասկացա, թե որքան կարեւոր է մեր գործը եւ որքան լավ կարելի է ապրել դրանով…