Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատկառելի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակություն էր այցելել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին կրթական եւ ուսումնափորձարարական ստորաբաժանումների ղեկավարներ։
Այցի հիմնական նպատակն էր ուսումնափորձարարական տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համագործակցության նոր հարթակների ձեւավորումը։
Մեր պատվիրակությունը ընդունել եւ ջերմորեն ողջունել է ՎԿԳՀ նախագահ, ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսոր Էրիկ Վույեն, ՎԿԳՀ շարունակական կրթության միջազգային ծրագրերի ղեկավար Արամ Արիստակեսյանը, համալսարանի այլ պատասխանատուներ։ Նախագահ Վույեն, դոկտ․ Արիստակեսյանը եւ հինգ ֆակուլտետների դեկանները ՀԱԱՀ իրենց գործընկերներին են ներկայացրել ՎԿԳՀ կրթական ծրագրերը, շարունակական կրթության հնարավորությունները, համալսարանի փորձարարական ենթակառույցները։
Կրկնակի դիպլոմ շնորհող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում հաջողված երկարամյա գործակցությունից բացի, հանդիպումների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են գործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ ուսումնափորձարարական տնտեսությունների արդյունավետ մոդելների, ագրոտեխնոլոգիաների եւ ճշգրիտ գյուղատնտեսության կիրառման լավագույն գործելակերպերի, ուսանողների գործնական հմտությունների զարգացման ծրագրերի եւ գիտահետազոտական նախագծերի համատեղ իրականացման ուղղություններով։
ՎԿԳՀ պատասխանատուները Ագրարայինի իրենց գործընկերների եւ ընկերների համար նախատեսել էին նաեւ շատ հետաքրքիր այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Բավարիայի Վատիկան համարվող Ֆրայզինգի տաճար, երկրամասի մայրաքաղաք Մյունխեն, Նյուրնբերգի ամրոց, թանգարաններ․ այցի այս բաղադրիչը նույնպես բազմազան էր, հետաքրքիր եւ բարեկամ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին շատ բան ասող։
ՀԱԱՀ պատվիրակության անդամները այցը գնահատում են որպես կարեւոր քայլ 25-ամյա արդյունավետ համագործակցության նոր մակարդակ ապահովելու, ՀԱԱՀ-ի կրթական եւ գիտահետազոտական ներուժը զարգացնելու, ինչպես նաեւ հայկական գյուղատնտեսական կրթության մեջ եւրոպական առաջատար փորձի շարունակական ներառման ու ժամանակակից մրցունակ կրթական միջավայր ձեւավորելու ուղղությամբ։


































