ՀԱԱՀ թիմը մասնակցում է T-GREEN նախագծի ամփոփիչ աշխատաժողովին

Թեստավորման փուլում գտնվող մագիստրոսական ծրագրեր՝ մշակված T-GREEN նախագծի շրջանակում, եւ դրանց համապատասխանեցումը նոր օրենսդրական զարգացումներին

«Կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի ավարտական կարեւոր միջոցառումը՝ Մագիստրոսական կրթական ծրագրերի փորձարկման արդյունքների քննարկման աշխատաժողովը, տեղի ունեցավ 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը Պորտոյում՝ Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում։ Աշխատաժողովին մասնակցում էին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ  համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը, Աննա Դաշտոյանը եւ ֆինանսական հարցերով պատասխանատու Մարիամ Պողոսյանը։

Երեքօրյա միջոցառումը մեկ հարթակում համախմբեց հայաստանյան եւ եւրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կոնսորցիումի այլ անդամներին՝ քննարկելու ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN նախագծի շրջանակում մշակված եւ վերապրոֆիլավորված մագիստրոսական ծրագրերի փորձնական գործարկման արդյունքները եւ դրանց կատարելագործման ու երկարաժամկետ կայունության ապահովման ուղղությունները։

Աշխատաժողովը պաշտոնապես բացվեց Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանի եւ հայկական նախագծային խմբի ղեկավարության ողջույնի խոսքերով։ Ելույթներում շեշտվեց հետբակալավրիական կրթության արդիականացման ռազմավարական նշանակությունը՝ կանաչ եւ կայուն ապագայի տեսլականի շրջանակում, ինչպես նաեւ վերահաստատեցին կոնսորցիումի հանձնառությունը համատեղ եւ բազմակի աստիճաններով կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։

Այնուհետեւ ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին համատեղ, կրկնակի եւ բազմակի մագիստրոսական աստիճանները կարգավորող իրավական դաշտի, ազգային օրենսդրության եւ հաստատության ներքին ընթացակարգերի խորքային վերլուծությունը Պորտուգալիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ Հունաստանում։

Հայաստանյան գործընկեր բուհերը, որոնք մշակել, վերապրոֆիլավորել եւ փորձարկել էին նոր մագիստրոսական ծրագրերը տնտեսագիտության, գյուղատնտեսության, ճարտարապետության, ճարտարագիտության, կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ներկայացրին դրանց առաջին ներդրման արդյունքները՝ թե՛ հաջողությունները եւ թե՛ ի հայտ եկած գործնական խնդիրները, որոնք պահանջում են ավելի սերտ համագործակցություն բուհերի միջեւ եւ կարողությունների զարգացում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1567-Ա/2 հրամանով ՀԱԱՀ հիմնադրամին տրվել է T-GREEN նախագծի շրջանակում  մշակված «Կանաչ տնտեսության ռազմավարական  կառավարում» եւ «Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ» մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության թույլտվություն։ Նախագծի շրջանակում վերանայվել է նաեւ առկա Պարենամթերքի տեխնոլոգիա մագիստրոսական ծրագիրը, ավելի «կանաչ» դարձնելու նպատակով որոշակի մոդուլներ վերապրոֆիլավորվել են եւ ուսումնական պլանն արդեն գործածության մեջ է սկսած 2025-2026 ուստարվանից։

ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր ընդունված օրենքը համապարփակ հիմք է ստեղծում համատեղ մագիստրոսական ծրագրերի համար, եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին օրենքում ներառված հիմնական փոփոխությունները։ Միաժամանակ կարեւոր համարվեց, որ օրենքի լիարժեք իրագործումը պահանջում է նորմատիվ իրավական ակտերի ընդունում, եւ T-GREEN նախագծի շրջանակում ձեռք բերված փորձը կարող է հատկապես արժեքավոր լինել այդպիսի ազգային կարգավորումների մշակման գործընթացում։ Աշխատաժողովի ընթացքում հայկական բուհերի ներկայացուցիչները առաջարկների փաթեթ ներկայացրին համատեղ աստիճանաշնորհման ծրագրերի հետագա գործնական կիրառման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։

Աշխատաժողովի ավարտին համաձայնություն ձեռք բերվեց նախագծի եզրափակիչ խորհրդաժողովի օրերի եւ կառուցվածքի վերաբերյալ․ այն կանցկացվի Երեւանում՝ 2026 թ. փետրվարի 17–19-ը։

2023 թվականից մեկնարկած եւ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN նախագծի նպատակն է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ բուհերի հետբակալավրիական կրթության ոլորտում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ» քաղաքականությանը։

T-GREEN նախագծի հայաստանյան մասնակիցներն են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եւրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, «Էրազմուս ուսանողների ցանց Երեւան» եւ «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիս համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) եւ Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։