Էրազմուսյան աշխատանքային այց ԲՈԿՈԻ-ի համալսարան

2026 թվականի մայիսի 18-22-ը Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը աշխատանքային այցով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU) էր, որտեղ մասնակցել է հիբրիդային միջազգային շաբաթին։ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում իրականացված այցը նպատակ ուներ խորացնելու երկու բուհերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ ծանոթանալու միջազգային կրթական ծրագրերի, ուսանողական եւ ակադեմիական շարժունության հնարավորություններին։

Այցի ընթացքում կազմակերպվել էին մի շարք հանդիպումներ ԲՈԿՈւ համալսարանի միջազգային հարաբերությունների, հետազոտական եւ կրթական ծրագրերի պատասխանատուների հետ։ Ծրագրի առաջին աշխատանքային օրը պարոն Համբարձումյանը հանդիպեց համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մարգարիտա Կալդերոն-Պետերի հետ, որը ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, միջազգային ռազմավարությունը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները։ Այնուհետեւ կազմակերպվեց համալսարանական շրջայց, որի ընթացքում ներկայացվեցին հիմնական ենթակառուցվածքները։

Մայիսի 19-ին կայացավ հանդիպում Էրազմուս+ ծրագրի համակարգող Էլեոնորա Կոնիի հետ։ Քննարկվեցին ծրագրի շրջանակում արդեն իրականացված համագործակցության արդյունքները եւ հետագա զարգացման հնարավորությունները։ Նույն օրը Գ․ Համբարձումյանը մասնակցեց International Days @BOKU միջոցառմանը, որի շրջանակում անցկացվեց International Café ձեւաչափով հանդիպում՝ նվիրված միջազգային համագործակցության ընդլայնմանը եւ փորձի փոխանակմանը։

Այցի հաջորդ օրը նախատեսված էին հանդիպումներ միջազգային կրթական ծրագրերի համակարգողների հետ։ Քննարկվեցին անգլալեզու մագիստրոսական ծրագրերը, Euroleague for Life Sciences ցանցի հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային ուսանողների ներգրավման եւ շարժունության մեխանիզմները։ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտեմենտի պետը հանդիպեց նաեւ լեզվական դասընթացների համակարգող Փոլ Նագելի, Էրազմուս+ արտագնա եւ EPICUR ծրագրերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Էրազմուս+ ներգնա ծրագրի պատասխանատու Կատրին Հազենհյունդլի հետ։ Հետաքրքիր էր հյուրընկալող համալսարանի փորձը՝ ներքին շահակիցների շրջանում օտար լեզուների ուսուցման եւ կարողությունների խթանման ուղղությամբ։

Մայիսի 21-ին այցի օրակարգում ընդգրկված էին հետազոտական անվտանգության, ուսանողական կարճաժամկետ փոխանակումների, փորձուսուցումների եւ Danube AgriFood միջազգային մագիստրոսական ծրագրի վերաբերյալ հանդիպումներ։ Հետազոտական անվտանգության հարցերը հատկապես արժեքավոր էին մեր համալսարանի ներկայացուցչի համար, քանի որ այն եւրոպական հարթակում համալսարանական նոր միտում է եւ աստիճանաբար զարգացում է ապրում։ Իսկ Danube AgriFood ծրագրի իրականացման տեխնիկական կողմերի քննարկումները կարեւոր էին համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու կարողությունների ձեւավորման տեսանկյունից։ Մասնակցություն եղավ նաեւ միջազգային ուսանողների համար կազմակերպված տեղեկատվական առցանց հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեցին ԲՈԿՈւ համալսարանում ուսման հնարավորությունները։

Այցի վերջին աշխատանքային օրը տեղի ունեցավ հանդիպում CEEPUS եւ KUWI ծրագրերի ներկայացուցիչ Վերոնիկա Էբերլի հետ, որի ժամանակ քննարկումների եղան ԲՈԿՈՒ-ի կողմից ֆինանսավորվող շարժունությունների իրականացման եւ կազմակերպման հարցերի վերաբերյալ։

Աշխատանքային այցը կարեւոր հնարավորություն դարձավ փորձի փոխանակման, միջազգային կրթական գործընթացների ուսումնասիրության եւ գործընկերային կապերի ամրապնդման համար։ Այն եւս մեկ քայլ էր ՀԱԱՀ-ի եւ ԲՈԿՈւ-ի միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ նպաստելով կրթության միջազգայնացմանն ու ակադեմիական կապերի խորացմանը։