Ալմերիայի համալսարանում երկրորդ կիսամյակի մեկնարկը համընկավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում շարժունության իմ ծրագրի հետ։ Համալսարանն առանձնացել է Գրանադայի համալսարանից եւ ձեւավորվել որպես առանձին հաստատություն 1993-ին եւ ներկայում իր հեղինակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Իսպանիայի Թագավորության կրթական հաստատությունների շրջանում։ Համալսարանի 13 ֆակուլտետում ուսումնառում է 14.556 ուսանող, որից 1560-ը՝ միջազգային։ Հաստատությունն իր ենթակառուցվածքում ունի նաեւ 9 քոլեջ եւ հետբուհական կրթության կենտրոն։
Ալմերիայի համալսարաը կրթություն է կազմակերպում բակալավրի 48 կրթական ծրագրով, որից 9-ը՝ կրկնակի դիպլոմով եւ 55-ը` մագիստրոսական ծրագրով։ Պրոֆեսոր Խոսեֆա Մարիա Կլեմենտեն հանգամանալից կազմակերպեց Ալմերիայի համալսարանում իմ օրակարգը, որի համաձայն դասախոսության լսարանը Կենսատեխնոլոգիա երրորդ եւ Գյուղատնտեսական ճարտարագիտության երկրորդ կուրսի բակալավրի ուսանողներն էին։ Պետք է նշեմ, որ ընդունող պրոֆեսորի հետ դասախոսության թեմաների ընտրությունը դեռեւս մինչ այցելությունը չափազանց մանրակրկիտ քննարկվել եւ հարմարեցվել էր լսարանների թե́ ծրագրին, թե́ ամբիոնի հետազոտական առաջնահերթությունների շրջանակին։
Ուշագրավ է, որ ուսանողների լիարժեք ներգրավման, ակտիվ քննարկման, հարցադրումների ձեւակերպման եւ անգլերենով հաղորդակցման տեսանկյունից Ալմերիայի համալսարանի ուսանողները հաճելիորեն առանձնանում են միջազգային հարթակում իմ դասավանդած լսարանների մեջ։ Առավել ակտիվ էին քննարկումները «Կաթնաթթվային բակտերիաների ազդեցությունը մսի հասունացման վրա» եւ «Սննդի շղթայում այծի կաթի եւ կաթնամթերքի գնահատումը Հայաստանում այծաբուծության զարգացման համատեքստում» թեմաների շուրջ։
Ավանդույթի համաձայն դասաժեմերս ավարտեցի Socrative հարթակի գործիքակազմի կիրառմամբ՝ թեմայի շուրջ գիտելիքի եւ ուշադրության աստիճանը ստուգելու նպատակով․ ուսանողների պատասխանների արդյունքները գոհացնող էին, քանի որ նրանց շուրջ 50 %-ը կուտակել էր 80-100 միավոր։
Հատկանշական է, որ շարժունությունս չսահմանափակվեց միայն դասավանդմամբ։ Իմ խնդրանքով եւ պրոֆեսոր Խոսեֆա Կլեմենտեի ջանքերով հանդիպում-քննարկումներ կազմակերպվեցին գիտահետազոտական երկու խմբի գիտնականների հետ, որոնք մի դեպքում զբաղվում են ջրիմուռների կենսատեխնոլոգիայի հիմնահարցերով, մյուս դեպքում՝ սննդային շղթայում կենսամոլեկուլների քիմիայով։ Այս առումով, կարծում եմ, անհարժեշտ է թիրախավորել եւ առավել ակտիվացնել ու ընդլայնել համագործակցակցությունը միջազգային գործընկերների հետ՝ գիտական համատեղ հետազոտություններ եւ հրատարակումներ իրականացնելու համատեքստում։
Ալմերիայի համալսարան այցելությունս համընկավ Գիտության ոլորտում կանանց եւ աղջիկների միջազգային օրվա հետ, եւ հաճելի էր, որ կենսագրությանս ծանոթանալով` Ալմերիայի ռադիոկայանից հրավիրել էին հարցազրույցի՝ գիտական գործունեությունս ներկայացնելու։ Հաղորդման ձեւաչափի համաձայն խնդրել էին նախապես տրամադրել երկու երաժշտություն, որոնք պետք է հնչեին հաղորդման մեկնարկին եւ ավարտին։ Հպարտություն ապրեցի, երբ Ալմերիայի ռադիոյով հնչեցվեց մեր մայրաքաղաքի հիմներգը՝ Պարույր Սեւակի խոսքերով Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանը» եւ Շառլ Ազնավուրի La Bohème-ը․․․
Շնորհակալ եմ թե́ ՀԱԱՀ եւ թե́ Ալմերիայի համալսարանի միջազգային գրասենյակների անձնակազմերին եւ իհարկե պրոֆեսոր Խոսեֆա Մարիա Կլեմենտեին Էրազմուս+ ծրագրի շրջանակում այցելությունս բծախնդրորեն, թիրախավորված եւ նպատակային կազմակերպելու համար։ Այն, ինչպես միշտ, նպաստեց ոչ միայն հմտություններիս շարունակական զարգացմանը, այլեւ նոր գործընկեր-ընկերներ ձեռք բերելուն։
Գայանե Մարմարյան
Կենս․ գիտ․ դոկտ․, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ