ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի եւ Պորտոյի համալսարանի կողմից համակարգվող MIND23 նախագծի շրջանակում ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, դոցենտ Թամարա Հարությունյանը Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում նոյեմբերի 4-8-ը մասնակցել են դասավանդման միջազգային շաբաթին: Ընդհանուր առմամբ, մասնակցում էին 20 պատվիրակներ տարբեր երկրներից` Հայաստան, Ուկրաինա, Չեխիա, Կոսովո, Ալբանիա, Պաղեստին, Կաբո Վերդե, Չինաստան, Ինդոնեզիա, Թունիս, Թուրքիա:
«Տնտեսության, կառավարման եւ քաղաքագիտության մարտահրավերները ճգնաժամի ժամանակ» խորագրով դասավանդման առաջին միջազգային շաբաթը Մինհոյի համալսարանում համախմբել էր տարբեր երկրներից գիտնականների եւ հետազոտողների՝ ուսումնասիրելու գլոբալ ճգնաժամերի հետեւանքով առաջացած բազմակողմ մարտահրավերները, ինչպիսիք են՝ տնտեսական անկումները, բնական աղետները, աշխարհաքաղաքական լարվածությունը եւ տեխնոլոգիական առաջընթացը: Այս քննարկումները նպատակ ունեին համակողմանիորեն վեր հանելու ճգնաժամերի ազդեցությունը այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տնտեսագիտությունը, կառավարումը եւ քաղաքագիտությունը՝ առաջարկելով հարթակ պոտենցիալ լուծումների համատեղ ուսումնասիրության համար: Միջազգային կրեդիտային շարժունության Էրազմուս+ ծրագրի նպատակներին համահունչ՝ միջոցառումը խթանեց ակադեմիական համագործակցությունը եւ միջգիտակարգային փոխանակումը։
Դասավանդման միջազգային շաբաթվա ընթացքում, ի թիվս այլ երկրների գիտնականների եւ հետազոտողների, դասախոսություններով հանդես եկան նաեւ դոցենտ Մարո Դեթլոֆֆը` «Հարակայուն սպառում․ կանաչ մարկետինգի ազդեցությունը սպառողների վարքագծի վրա» եւ դոցենտ Թամարա Հարությունյանը` «Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն եւ ֆինանսական աղետների կանխատեսում» թեմաներով:
Դասավանդման միջազգային շաբաթվա ընթացքում որպես ունկնդիր մասնակցեցին ոչ միայն Մինհոյի համալսարանի դասախոսական անձնակազմը, այլ նաեւ ուսանողները՝ ծանոթանալով ներկայացվող հետազոտություններին եւ մասնակցելով քննարկումներին:
Շաբաթը հագեցած էր նաեւ Բրագա քաղաքում պատմամշակութային շրջագայություններով։
Դասավանդման միջազգային շաբաթն ավարտվեց համագործակցության հետագա հնարավորությունների ամփոփման, փակման նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրերը։ Մինհոյի համալսարանը մասնակիցներին հրաժեշտ տվեց համագործակցության շարունակման եւ նոր հանդիպումների սպասումով։ Այդ համալսարանի կազմակերպած միջազգային շաբաթվան մեր դասախոսների մասնակցությունը փորձի փոխանակման, մասնագիտական նոր գիտելիքների եւ գործակցային նոր կապերի ձեռք բերման հիանալի հնարավորություն էր: