Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում նոյեմբերի 11-15-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Կլուժ-Նապոկայի Գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա):
Դասավանդման հնգօրյա ծրագիրը բավականին հագեցած էր․ այցելություններ համալսարանի ամբիոններ, լաբորատորիաներ, գիտական կենտրոններ, հանդիպումներ անասնաբուժական ոլորտի դասախոսների, գիտական աշխատանքներ իրականացնող մարդկանց հետ՝ մտքերի փոխանակում նրանց ղեկավարությամբ եւ մասնակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Ծրագրի պատասխանատուներից Միխաելա Նիկուլեն ներկայացրեց համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը, միասին այցելեցինք բոլոր մասնագիտական ամբիոններ եւ լսարան-լաբորատորիաներ, ծանոթացրեց անգլերենով եւ ֆրանսերենով դասավանդող դասախոսների հետ, որոնք ներգրավված էին գիտական գործունեության մեջ՝ ըստ իրենց մասնագիտությունների, հնարավորություն ունեցա ներկա գտնվելու կենդանիների ինֆեկցիոն հիվանդություններին վերաբերող իր դասին։ Ծանոթացա ամբիոնի երիտասարդ եւ փորձառու դասախոսների հետ, փոխանակեցինք ուսումնական ծրագրերին եւ դասավանդման մեթոդներին վերաբերող պլաններ։
Անասնաբուժական հիգիենա եւ շրջակա միջավայրի պահպանության, բարեկեցության, էթոլոգիայի եւ կենդանիների պաշտպանության ամբիոնում դասախոս Աննամարիա Բլագա Պիետրանի հետ միասին անցկացրեցինք դաս, որը վերաբերում էր անասնաշենքերի օդափոխության համար նախատեսված օդորակիչների քանակական եւ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ հաշվարկներին։ Հաջորդիվ դասավանդումը շարունակեցի սույն ամբիոնում, որտեղ ֆակուլտետի երրորդ եւ չորրորդ կուրսի ուսանողների հետ քննարկեցինք կենդանիների բարեկեցության ըմբռնմանը եւ ինտեգրված մոտեցմանը, անասնաբույժի դերին, ինչպես նաեւ գիտահետազոտական փորձերում օգտագործվող լաբորատոր կենդանիների բարեկեցությանն առնչվող հարցեր։ Դասավանդման ավարտին քննարկում ունեցա ամբիոնի գիտաշխատողների հետ։
Հաջորդ այցը ֆակուլտետի մասնաշեքին կից գտնվող անասնաբուժական բազմագործառութային հիվանդանոցում էր, որը նախատեսված է մանր եւ խոշոր կենդանիների ախտորոշման, խնամքի, բուժման համար։ Հիվանդանոցը ծառայում է միաժամանակ ուսուցման եւ կենդանիների բուժման վայր, որը ուսանողներին, սկսած 2-րդ կուրսից, լայն հնարավորություն է տալիս տիրապետելու գործնական հմտությունների։
Սննդագիտության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի Սննդամթերքի զգայական անալիզի լաբորատորիայի վարիչ Լաուրա Ստանի ուղեկցությամբ այցելեցի Մեղրի եւ մեղուների հիվանդությունների փորձաքննության լաբորատորիա, որը հագեցած էր գերժամանակակից սարքավորումներով․ մեղրի մեջ ծաղկափոշիների քանակի որոշարկման, մեղուների գենետիկական ծածկագրի վերլուծության սարքավորումներ եւ այլն։ Լաբորատորիան ակտիվ մասնակցություն ունի մեղրի միջազգային ստանդարտացման հավաստագրի կազմման գործընթացում։
Շարժունության շաբաթն ավարտվեց քաղաք եւ պատմամշակույթային կոթողներ այցելությամբ՝ տիկին Նիկուլեի ուղեկցությամբ։
Այս շարժունությունը ինձ հնարավորություն տվեց կատարելագործելու հաղորդակցվելու կարողություններս, զարգացնել մասնագիտական հմտություններս, ինչպես նաեւ ձեռք բերել գործակցային նոր կապեր: Շնորհակալ եմ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակազմին եւ հյուրկալող համալսարանի Էրազմուսյան ծրագրերի համակարգող Միխաելա Նիկուլեին այս հնարավորության համար, քանի որ նման ծրագրերը բարձրացնում են աշխատանքի նկատմամբ շահագրգվածությունը, նպաստում նոր հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ՝ մեր համալսարանում ուսումնական գործընթացի միջազգայնացմանը:
Հայկանուշ Առաքելյան, ա․գ․թ․
ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոս