Անասնաբուժության ամբիոնի դոցենտ, ա. գ. թ. Աստղիկ Բադալյանը լավագույն դասախոսների շարքում է, օրինաչափորեն։ Նա գործին անմնացորդ ու անաղմուկ նվիրվելու հրաշալի օրինակ է։
Մեր զրույցը հին ու նորի, անցած ու ներկա լավագույնի մասին էր։ Նա շնորհակալությամբ է հիշում բոլոր գործընկերներին, դասախոսներին, հատկապես ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանին, հիմա էլ տիկին Սուքիասյանն է բարձր պահում տասնամյակներով ձեւավորված հրաշալի ավանդույթները։
֊Թեեւ հայկական դպրոց եմ ավարտել, բայց թեզս 1981֊ին պաշտպանել եմ Ռուսաստանում։ Գիտական աստիճաններ շնորհող որակավորման հանձնաժողովը բարձր գնահատեց աշխատանքս։ Եւ ուրախ էի, որ իմ երկրի ակադեմիական պատիվը բարձր պահեցի,֊ ասում է մեր լավագույնների փաղանգի արժանի ներկայացուցիչը։
Դոցենտ Բադալյանն այսօր նույն նվիրումով, համբերատարությամբ աշխատում է ուսանողների հետ։
֊Ավարտած ուսանողներից մեկը հիմա ծառայում է բանակում, ամեն շաբաթ պարտադիր զանգահարում է ու գոհությամբ ասում. «Երբ գյուղում ընտանի կենդանիներին բուժօգնություն է պետք լինում, ինձ են դիմում»,-վաստակած հպարտությամբ պատմում է Աստղիկ Բադալյանը։
Այո՛, դասախոսի համար ավելի կարեւոր գնահատական չկա, քան շրջանավարտների մասնագիտական հաջողությունները եւ հեռախոսազանգերը, որ տեղեկացնում են այդ հաջողությունների մասին։







