Այսօր՝ ապրիլի 3-ին, լուսավոր տրամադրություն էր իշխում ՀԱԱՀ քոլեջում: Անկեղծ-անբռնազբոս շնորհակալությունների օր էր: Շնորհակալ էին համալսարանի պատասխանատուներից՝ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ փոխտնօրեն Լիլիթ Սարոյանը, որ «Սմարթ ագրո» ՓԲԸ-ն սիրով դռները բաց է պահում ուսանող-աշկերտների առջեւ եւ կիրառական հմտությունների լավ դարբնոց է: Ընկերությունը եզակի է այն առումով, որ փորձուսուցման բոլոր մոդուլներն այստեղ հնարավոր է իրականացնել:
-«Սմարթ ագրոն», որ պատմական ուղի ունեցող կառույց է՝ մեր շրջանավարտներն են հիմնել, իսկ հիմա էլ հուսալի գործընկերներ են ռազմավարական նշանակության ոլորտի մասնագետների պատրաստման գործում: Հորդորս ուսանողներին. ուշադի՛ր եղեք փորձուսուցման այս փուլում, որը նախադրյալներ է ստեղծում մեծ բարձունքների հասնելու համար: 2026-ը Ագրարայինը հայտարարել է որակի տարի եւ բոլորս համատեղ պետք է աշխատենք այդ ուղղությամբ,-ասաց ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պորռեկտոր պարոն Թովմասյանը:
Շնորհակալ էին գործատուները՝ հիշյալ ընկերության համահիմնադիրներ Արման Օհանյանն ու Դավիթ Նավասարդյանը.
-Մեր թիմն է շնորհակալ համալսարանից, որտեղից սկիզբ ենք առնում: Շնորհակալ ենք դուալ կրթությունից, որովհետեւ հնարավորություն է ցածր կուրսերից սկսած ապագա մասնագետների տեսական ու գործնական կարողությունները համաչափ սերմանել-զարգացնելու եւ անասնաբույժների սերնդափոխության խնդիրը գրագետ լուծելու համար: Անցյալ տարվա աշկերտները մեզ նաեւ հաճելիորեն զարմացրեցին-հիացրեցին մասնագիտական հիմնարար գիտելիքների շնորհիվ: Նկատելի էր դասախոսների հետեւողական աշխատանքն այս ուղղությամբ: Շնորհակալություն եւ ուրախությամբ սպասում ենք ձեզ,-ասաց Արման Օհանյանը:
-Ուսանողների այցը մեզ շատ ոգեւորեց եւ նոր գաղափարներ ծնվեցին հատկապես չորս ուսանողի շնորհիվ,-հավելեց Դավիթ Նավասարդյանը:
Պարոնայք Օհանյանն ու Նավասարդյանը շնորհակալագրեր հանձնեցին հենց այդ ուսանող-կամավորներին եւ փոխտնօրեն Լիլիթ Սարոյանին, որի ջանքերը՝ միտված գործատու-քոլեջ կապին, շոշափելի արդյունք են տալիս:
Ապրիլի 13-ից կմեկնարկի ԱԲ-2 կուրսի երկամսյա փորձաշրջանը հինգ բաղադրիչով՝ մոդուլով:
Այս հանդիպմանը հանպատրաստից-ակամա մասնակից դարձան ֆրանսիացի փորձագետները: Պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի կրթական հաստատությունների հետ համագործակցության, ուսանողների փոխանակման նոր ծրագրեր են ուրվագծվում եւ կարեւոր է, որ մեր երիտասարդների գիտելիքներն ու ունակությունները ժամանակի պահանջներին համահունչ լինեն. «Շնորհակալություն գործատուներին, որ մեր որակին հավատում եք»:
Դուալ կրթությունը դեռ կարճատեւ պատմություն ունի մեր երկրում, բայց բուհի հաջողություններն այս ուղղությամբ, առանց ավելորդ համեստության, կարող ենք ասել՝ արդեն էական են:













