Վերապատրաստում Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հուլիսի 3-ից մինչև 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։
Առաջին օրը հանդիպել եմ հյուրընկալող համալսարանի Կիրառական Էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի հետ, ով շրջայց կազմակերպեց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, և ներկայացրեց բուհի կրթական, վարչական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև առաջիկա օրերի համար նախատեսված հանդիպումների օրակարգը: Ծանոթացա նաև Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակից Կամիլլա Մայչժակի հետ, ով ծանոթացրեց համալսարանի միջազգայնացման ուղղություններին և առկա ծրագրերին։ Բացի համալսարանական շրջայցից պարոն Մինթան նաև մշակութային շրջայց անցկացրեց Լեհաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Վրոցլավում, պատմելով քաղաքի հիշարժան անցյալը, ներկան և զարգացման հեռանկարները:
Պարոն Մինթան կազմակերպել էր այցելություններ համալսարանի՝ ագրոնոմիական ոլորտին առընչվող գիտահետազոտական կենտրոններ, տնտեսություններ և անհատական հանդիպումներ մասնագիտական առարկաներ դասավանդող դասախոսների հետ:
Հաջորդ հանդիպումը Գյուղատնտեսության և բուսաբուծության, ինչպես նաև հողագիտական հետազոտությունների լաբորատորիաներում էր, որի պատրաստակամ աշխատակցուհիները ջանք չէին խնայում ներկայացնելու իրենց լաբորատորիաներում իրականացվող՝ հողի, բույսի և սերմերի նմուշների, հետազոտությունները: Ավելին՝ տվյալ օրվա համար նախատեսել էին եգիպտացորենի կանաչ զանգվածի նմուշներում քլորոֆիլի պարունակության անալիզներ, որի նմուշների նախապատրաստումը հանձնարարվեց ինձ:
Հետագա երկու օրերին այցելել եմ համալսարանի Հետազոտական և դիդակտիկ կայանը Սվոյչիցեում պարոն Մինթայի ուղեկցությամբ, որտեղ մեզ դիմավորեց Ագնեշկա Լեյմանը, Ագրոէկոլոգիայի և բուսաբուծության ինստիտուտից: Նա առանձնահատուկ կենսուրախությամբ և շատ մանրամասն ծանոթացրեց կայանի փորձադաշտերին, իրականացվող հետազոտական ծրագրերին, նաև իր անձնական հետազոտական աշխատանքներին՝ մոլախոտերի ուսումնասիրության վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսն անցավ նույն ինստիտուտի, Օրգանական երկրագործություն դասընթացի դասախոս՝ դոկտոր Պյոտր Կուցի հետ, ով ներկայացրեց առարկան, որը դասավանդվում էր Ագրոբիզնես կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներին, մասնագիտական և բովանդակային շատ հարցեր ևս:
Վերջին օրը եղել եմ Պտղա-հատապտղաբուծական և բաց և փակ դաշտավարության երկու հետազոտական կենտրոններում՝ նույն գծով պրոֆեսոր Պյոտր Կոհուրայի ուղեկցությամբ: Այցելեցինք հետազոտական ջերմատուն, սնկաբուծարան և պտղահատապտղատու այգիներ, ծանոթանալու և ինչու ոչ՝ համտեսելու, փորձարարական միրգ–բանջարեղենը: Պրոֆեսոր Կոհուրան մանրակրկիտ ներկայացնում էր արտադրական և մասնագիտական մանրամասներ, կայանների կառուցվածքային և շուկայական գործունեության առանձնահատկություններ:
Չեմ կարող չանդրադանալ արտասահմանյան գործընկերների՝ փոխադարձ հետաքրքրվածությանը և լավատեղյակությանը, մեր ազգային մշակույթին ու պատմությանը, ինչպես նաև ներկա աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ ունեցած մտահոգություններին:
Շարժունությունը կամ փորձի փոխանակումը, ըստ իս, խիստ մոտիվացնող և պարտավորեցնող միջոցառում է, որի շնորհիվ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստանում՝ ձեռք բերել նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ ու փորձ, բացահայտել նոր երկիր, նոր մշակույթ, և այդ ամենի լավագույն մոտեցումները կիրառել ու ինպաստ օգտագործել սեփական երկրի զարգացման մեջ ներդրում ունենալու համար:
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի և հյուրընկալող համալսարանի գործընկերների շնորհիվ վերապատրաստումը կազմակերպվել էր բովանդակալից և արդյունավետ՝ թե մասնագիտական, թե ճանաչողական, և թե մշակութային առումներով:

ՀԱԱՀ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյան