Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վերապատրաստման դասընթաց

Ծրագրի ընդհանուր նկարագիրը

Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։
Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։
Դասընթացը նպատակ է հետապնդում ապահովել վերապատրաստված մասնագետներով հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող բոլոր սպանդանոցներին։

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական ստանալու կարգը

Դասընթացները սկսելու են սույն թվականի մայիսի 18-ից հետո (գրանցումը բարեհաջող իրականացրած մասնակիցները նախապես կտեղեկացվեն դասընթացների սկզբի վերաբերյալ) և տևելու են 6 շաբաթ։ Ամբողջացման համար պահանջվում է շաբաթական մոտավորապես 18 ժամի հատկացում։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի 2 փուլով՝ 1-ին փուլի վերջնաժամկետը՝ 2020 թվականի մայիսի 13-ի ժամը 13։00-ն է, 2-րդ փուլինը՝ 2020 թվականի մայիսի 18-ի ժամը 13։00-ը (առաջնությունը կտրվի 1-ին փուլով դիմած մասնակիցներին)։

Ուսուցման կարգը, պահանջներն ու ընթացքը

Տեսական ուսուցում

Ինտերնետային կայքի մուտքի բանալին ստանալուց հետո Ձեզ հասանելի կլինեն ուսուցման համար նախատեսված նյութերը։ Դասընթացների տեսական մասն ամբողջացնելու համար Ձեզանից կպահանջվի տրամադրել շաբաթական մոտավորապես 18 ժամ՝ 5 շաբաթ շարունակ։ Նյութերը ներառում են նախապես ձայնագրված դասախոսություններ, կարճ տեսանյութեր, պատկերներ, ընթերցման նյութեր և գիտելիքների ինքնաստուգման համար նախատեսված կարճ թեստեր։

Գործնական ուսուցում

Տեսական դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցները 6-րդ շաբաթվա ընթացքում կհաճախեն սպանդանոց/լաբորատորիա ստացած գիտելիքները աշխատավայրում կիրառելու նպատակով։

Ում համար է

Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է բավարարեն ստորև ներկայացված փաստաթղթային և նախնական գիտելիքների իմացության պահանջներին։

Փաստաթղթային պահանջներ

Կրթությունը հիմնավորող փաստաթուղթ
Բարձրագույն կրթություն անասնաբուժություն կամ անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտություններում
Ինքնակենսագրական (CV). Ընդգրկել նաև ձեր նկարը առցանց համակարգում գրանցման համար
Անձնագրի պատճեն
Մասնակցության հայտ

Նախնական գիտելիքների իմացության պահանջներ

Հայերենի գերազանց իմացություն
Համակարգչից և համացանցից օգտվելու կարողություն
Մասնագիտական գիտելիքներ – Բոլոր դիմորդները պետք է ունենան որոշ նախնական գիտելիքներ կենդանիների մարմնի կառուցվածքի ու տարբեր օրգան-համակարգերի կառուցվածքի և առողջ անատոմիական վիճակի վերաբերյալ։ Գիտելիքները թարմացնելու համար դիմորդները կարող են օգտվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանում առկա հետևյալ գրականությունից։

Ինչպես դիմել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է վերը նշված փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ուղարկել lifelong@anau.am էլեկտրոնային փոստին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37495 592003 հեռախոսահամարով։‬
Պահանջները բավարարող բոլոր դիմորդներին պատասխան նամակով կտրամադրվի նախնական մասնագիտական գիտելիքների ստուգման համար նախատեսված կարճ թեստ։ Վերջինս անհրաժեշտ է լրացնել և հետ ուղարկել նույն էլեկտրոնային փոստին՝ թեստն ստանալուց 24 ժամվա ընթացքում։ Թեստն անցնող դիմորդներին կտրամադրվի դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ ինտերնետային կայքի բանալին՝ գրանցման ցուցումով։