Վերապատրաստում Էրազմուս+ ծրագրի շրջանակում օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, իսկ SOAA ծրագով նաև՝ Մարգարիտա Տիգրանյանը, որոնք ներկայումս  SOAA ծրագրի անդամներ են, վերապատրաստման և ծրագրային այցով մայիսի  31-ից հունիսի 10-ը գտնվում էին Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների  (ԲՈԿՈՒ) համալսարանում:

Այցի ընթացքում  ՀԱԱՀ դասախոսական թիմը հանդիպումներ ունեցավ  Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ, մասնակցեց օրգանական գյուղատնտեության վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, դասախոսություններին: ՀԱԱՀ դասախոսները հանդես եկան նորարարական կրթական մեթոդների և ուսանողական ֆերմաների ստեղծման ու կառավարման փորձի ներկայացմամբ: ՀԱԱՀ թիմը հանդիպում ունեցավ օրգանական գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձառություն ունեցող պրոֆեսոր Բերնհարդ Ֆրայերի հետ և քննարկեց օրգանական ուսումնացուցադրական տնտեսություն հիմնելու առանձնահատկությունները: Միաժամանակ անդրադարձ եղավ «Ակունքի» ուսանողական-փորձացուցադրական տնտեսության զարգացման տեսլականին:

Ռայնհարդ Նոյգշավանդերի հետ քննարկվեցին  տնտեսությունում բազմագործոն գիտական փորձեր իրականացնելու, դրանց հիման վրա գիտական աշխատանքներ հրապարակելու, ուսանողների և գիտնականների համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությունները: Վերապատրաստումը հագեցած էր ոչ միայն մասնագիտական հանդիպում-քննարկումներով, այլև դաշտային այցելություններով, մասնավորապես՝   «ADAMAH biohof» ընկերություն, որը զբաղվում է ոչ միայն օրգանական մշակաբույսերի մշակությամբ, այլև դրանց վերամշակմամբ, արտադրությամբ ու վաճառքով, Ալֆրեդ Գրանդի փորձացուցադրական տնտեսություն, որը զբաղվում է որդակոմպոստի արտադրությամբ, «Market gardening» համակարգով  ավելի քան 50 տեսակի մշակաբույսերի  մշակությամբ, ուղիղ վաճառքով, միաժամանակ համագործակցելով ԲՈԿՈւ համալսարանի և այլ գիտական կենտրոնների հետ։ ՀԱԱՀ թիմը այցելեց նաև ԲՈԿՈւ համալսարանի փորձացուցադրական տնտեսություն ՝ «Grosenzersdorf», Օրգանական և կենսադինամիկ ստանդարտներով սերմարտադրությամբ   զբաղվող «Reinsaat» տնտեսություն։

 Հատկանշական է, որ  շարժունության շրջանակներում այցելությունն արդյունավետ ու կարևոր էր թեˊ օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագրի բարելավման և թեˊ միջազգային փորձի ուսումնասիրման, դասախոսների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացման տեսանկյունից: Շարժունությունն արդյունավետ էր ՀԱԱՀ և ԲՈԿՈւ համալսարանների միջազգային կապերի դեպարտամենտների, մեր գործընկերների անմիջական ու հետևողական համագործակցության շնորհիվ: Այցը հագեցած էր նաև մշակութային բաղադրիչով. հայկական պատվիրակությունը այցելեց Վիեննայի Մխիթարյան միաբանություն, ինչպես նաև հաղորդակից եղավ եվրոպական մշակութային ժառանգությանը: