Վերապատրաստում Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էրազմուս+ՀԳ1-ի շրջանակում

ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության  ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը վերապատրաստման նպատակով միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը և ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը մեկնել են Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելու միջազգային շաբաթին, որը համախմբել էր 19 երկրի բուհերի ներկայացուցիչների։

Այցի առաջին օրը ՀԱԱՀ-ի ներկայացուցիչներին ջերմորեն ընդունեցին Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի աշխատակիցները։ Այնուհետև գործընկեր երկրների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց հետ և կլոր սեղանի շուրջ  հերթով ներկայացրեցին իրենց համալսարանների պատմությունն ու գործունեությունը։ Մեր աշխատակիցները ներկայացրեցին ՀԱԱՀ-ի տեսլականը, կառուցվածքային փոփոխությունները, նոր լաբորատորիաներն ու նոր ծրագրերը, ինչպես նաև միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող ներգնա ու արտագնա ուսանողների, աշխատակիցների ընտրության և շարժունության կազմակերպման հետ կապված հարցերը։ Հստակ նշվեցին վերջին տարիներին կատարված փոփոխությունները։ ՀԱԱՀ-ի աշխատակիցների խնդրանքով ցուցադրվեց նաև Հայաստանի մասին նկարահանված 2 րոպե տևողությամբ տեսահոլովակը, որն արժանացավ ջերմ ծափողջույնների։

Այցի երկրորդ օրը  Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Լուիս Պաիսը ներկայացրեց կրկնակի դիպլոմների ծրագիրը, միջազգային կրեդիտային շարժունության արդյունքներն ու նոր մարտահրավերները։ Հաջորդ օրերի ընթացքում իրականացվեց շրջայց համալսարանում, որի ժամանակ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները ծանոթացան ԲՊԻ-ի ենթակառուցվածքներին։ ԲՊԻ-ի ինստիտուտի ասպիրանտ հետազոտողները ներկայացրեցին հետազոտական աշխատանքներ։ Այնուհետև  ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները  մասնակցեցին  տարբեր թեմաներով աշխատաժողովների, որոնցից մեկի թեման թվային ապագայի մարտահրավերն էր՝ կրթության նորարարական և ճկուն ակադեմիական կառուցվածքի շրջանակում: Մյուս թեման էր դասախոսների քննադատական մտածողության խթանումը։Նշվում էր, որ քննադատական ​​մտածողությունը կարևոր հմտություն է, քանի որ այն թույլ է տալիս դասախոսներին ավելի գիտակցված  և ժամանակակից որոշումներ կայացնել ուսուցման վերաբերյալ: Այդ թեմայով եղան բազմաթիվ զեկույցներ և քննարկումներ։ Հետաքրքիր էր նաև «Երեխաների հյուսիս-արևելյան Պորտուգալիայում կլիմայի փոփոխության ընկալումը» թեման։

Միջազգային կապերի աշխատակիցները կազմակերպել էին նաև զբոսանք Բրագանսա քաղաքում և այցելություն Սանտա Մարիա ամրոց, որը հրաշալի էր պահպանված և դիտարկվում է որպես Պորտուգալիայի պատմության հուշարձան։

Վերջին օրը ՀԱԱՀ-ի  ներկայացուցիչները  մասնակցեցին  Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի  կազմակերպած  երեկոյին, որի ժամանակ ԲՊԻ ուսանող – երաժիշտները կատարեցին պորտուգալական ժողովրդական երգեր։

Միջազգային շաբաթը շատ հագեցած էր և արդյունավետ։ Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի գործընկերները առաջարկեցին կնքել նոր պայմանագիր՝ համագործակցելու ոչ միայն Էրազմուս+ ՀԳ1-ի այլ նաև կրկնակի դիպլոմների ծրագրի շրջանակում։ Համագործակցության առաջարկ արեցին նաև Ալժիրի Սաիդա համալսարանի ներկայացուցիչները։

ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների այցով  ևս մեկ անգամ ամրապնդվեց բուհերի միջև եղած համագործակցությունը։