Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը հնարավորություն է ընձեռում կրթական ոլորտի պատասխանատուներին շարունակաբար զարգացնելու գիտելիքներն ու կարողությունները միջազգային հարթակում։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 17-21-ը ՀԱԱՀ պատվիրակությանը՝ Գայանե Գասպարյանին, Գայանե Մարմարյանին, Արման Հարությունյանին եւ Մանե Շուշանյանին, հնարավորություն ընձեռվեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (Պորտուգալիա) զարգացնելու դասավանդման կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Բացի այդ, կազմակերպվել էր նաեւ միջազգային շաբաթ, որը համախմբել էր 14 երկրից կրթության 80 պատասխանատուների՝ մասնագիտական առաջնահերթությունների եւ մարտահրավերների համատեքստում փորձի փոխանակման եւ մասնագիտական համագործակցության նոր եզրեր ուրվագծելու նպատակով։
Միջազգային շաբաթվա շրջանակում մասնակիցները բաժանվեցին ըստ դեպարտամենտների, եւ տարբեր երկրներից ժամանած դասախոսները կարդացին դասախոսություններ։ Գայանե Գասպարյանն իր դասը վարեց Ագրոնոմիա կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների, իսկ Գայանե Մարմարյանն ու Արման Հարությունյանը՝ Սննդագիտություն եւ տեխնոլոգիաներ բակալավրիատի ուսանողների համար։ Պարենամթերքի տեխնոլոգիաների կրթական ծրագրում ուսումնառողների համար ՀԱԱՀ դասախոսներից զատ դասավանդեցին նաեւ Ֆլորենցիայի եւ Վրաստանի տեխնիկական համալսարանների դասախոսները։ Թե´ դասավանդման մեթոդների եւ թե´ բովանդակային մատուցման առումով, ՀԱԱՀ դասախոսները ոչ միայն չզիջեցին միջազգային համալսարանների գործընկերներին, այլեւ հանդես եկան առավել ներկայանալի եւ բովանդակալից։ Իսկ ՀԱԱՀ-ի դասախոսների համար հատկապես հետաքրքրական էր պրոֆեսոր Լուիս Կարվալյույի «Պորտուգալիայի էթնոբուսաբանական ժառանգությունը» թեմայով դասախոսությունը։
Մեր համալսարանը ներկայացրեց Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ․ գ․ դ․ Գայանե Մարմարյանը՝ անդրադառնալով համալսարանի կառուցվածքին, մատուցվող կրթական ծրագրերին, գործող նորագույն լաբորատորիաներին եւ այլ ենթակառույցներին եւ միջազգային համագործակցությանը։
Համալսարանի «պատերից դուրս» այցելություն կազմակերպվեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Այգեգործության եւ պտղաբուծության փորձարարական կենտրոն, ձիթապտղի յուղ արտադրող կազմակերպություն (ձիթայուղը Պորտուգալիայից արտահանվող հիմնական երեք արտադրանքներից է` խցանից եւ գինուց զատ), Talha գինու տեղեկատու կենտրոն եւ գինեգործարան։
Ծրագրին մասնակցած պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին եւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային գրասենյակի անձնակազմին Էրազմուս+ ծրագրի շրջանակում դասախոսներին շարունակական զարգացման հարթակ եւ հնարավորություն տրամադրելու համար։ նրանց կարծիքով, միջազգային շաբաթը հրաշալի հարթակ էր ուսուցանելու եւ ուսանելու, այլ երկրների ուսանողների եւ դասախոսների հետ շփվելու փորձառություն ձեռք բերելու համար: