Հույների այցը ՀԱԱՀ-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում

Այս անգամ մեր հյուրերն էին Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը, արդյունաբերական դիզայն և արտադրության ճարտարագիտություն ֆակուլտետի պրոֆեսոր՝ Դրասոս Քրիստոսը։

Այցի առաջին օրը մեր հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։

ՄԿԴ-ն կազմակերպեց նաև հանդիպում Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական գիտահետազոտական կենտրոնում, որտեղ մեր հյուրերը հանդիպեցին պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալոյան Նաիրայի և ՀԱԱՀ-ի ներկայիս ասպիրանտ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի հետ։ ՀԱԱՀ-ի մեր գործընկերները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված և ներկայումս իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են ոռոգման ժամանակակից համակարգերի կատարելագործմանն ու ներդրմանը։Պրոֆեսր Գ․Եղիազարյանը հյուրերին ծանոթացրեց ՀԱԱՀ-ի կողմից իրականացվող հողային և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում դրամաշնորհային, հետազոտական և փորձացուցադրական ծրագրերի հետ։ Իրենց հերթին հույները ներկայացրեցին պրեզենտացիա ՝ «Մեքենայական ուսուցման մոտեցում՝ գյուղատնտեսական կիրառությունները կանխատեսող մոդելավորման և ավտոմատացման համար» թեմայով, որից հետո ծավալվեց քննարկումներ հյուրերի և ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև ագրարային ճարտարագիտության կրթական և գիտական աշխատանքների իրականացման և դրանց արդիականացման վերաբերյալ: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության ընդլայնման և ամրապնդման բոլոր հնարավոր ուղիները` համատեղ ծրագիր իրականացնելու միջոցով։