Դասավանդում Էվորայի համալսարանում Էրազմուս+-ի շրջանակներում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջա­նակ­ներում 2022 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը դասավանդման ծրագրով մեկնել եմ Պորտու­գալիայի Էվորայի Համալսարան։ Այն Պորտուգալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 16-րդ դարում` 1559 թ–ին։

Այցիս առաջին օրն ինձ ընդունեց Էվորայի համալսա­րանի Շարժունության աջակցության գրասենյակի աշխատակից Լուիս Մադուրոն, ով վարում էր շարժունության կազմակերպչական գործընթացը։ Նույն օրը հանդիպում եմ ունեցել նաև ինձ անմիջապես հյուրընկալող դոկտոր` Էկոնոմիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, էկոնոմիկա մասնագիտության համակարգող` Ֆերնանդա Պիեքսեի հետ, ով շրջայց կազմակերպեց համալսարանում` ծանոթացնելով ստորաբաժանումների հետ, ինչպես նաև ուղեկ­ցեց իրենց ընթերցասրահ։ Մենք երկուստեք ներկայացրեցինք մեր համալսարանների պատ­մությունը, գործունեությունը, և քննարկեցինք մի շարք այլ հարցեր։

Այցելության երկրորդ օրը համընկավ Պորտուգալիայի ազգային տոնի, ինչպես նաև համալսարանի հիմնադրման օրվա հետ, ինչի առթիվ մեծ տոնակատարություն էր կազմակերպված համալսարանում, որին հրավիրված էի մասնակցելու։ Հաջորդ օրերին հանդիպումներ եմ ունեցել Էկոնոմիկայի դեպարտամենտի վարիչ պրոֆ. Էլզա Վազի և նույն դեպարտամենտի պրոֆեսոր Պեդրո Էնրիկեյի հետ։ Վերջինիս հարցադրումները հիմնականում ուղղված էին Հայաստանի տնտեսության հիմնահարցերին և ՀԱԱՀ գործունեությանը։ Այնուհետև նախանշված ծրագրի համաձայն դասախոսություններ եմ կարդացել էկոնոմիկայի դեպարտամենտի բակալավրի 3-րդ` ավարտական կուրսի ուսանողների համար։ Այցելությանս վերջին օրը նշանա­վորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ և մասնակցության վկայականի հանձնմամբ։

Այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու հյուրընկալող համալսարանի կրթական համակարգին, կիսվել փորձով և գիտելիքներով, ձեռք բերել նոր կապեր,  ինչու չէ նաև բացահայտել հյուրընկալող երկրի հասարակությունը և պատմամշակութային արժեքները։ Համոզված եմ, որ այն անձինք, ովքեր լավ կապեր և հարաբերություններ ունեն արտերկրի հաստատությունների հետ, գիտեն շարժունության հավելյալ արժեքը և ավելի հավանական է, որ իրենք նաև կաջակցեն ուսանողներին մասնակցել նմանատիպ ծրագրերին։

Կարծում եմ նման ծրագրերը կարևոր են ինչպես համագործակցության նոր եզրեր, այնպես էլ միջազգային ինտեգրման հետագա համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից։

Ագրարային էկոնոմիկայի ամբիոն դասախոս, տ.գ.թ. դոցենտ`

Մերի Գագիկի Մանուչարյան