Դասավանդում և վերապատրաստում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ աշխատակիցներ` Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը, Տվյալագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Մովսիսյանը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը դասավանդման և վերապատրաստման նպատակով հյուրընկալվել էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանում։

Հյուրընկալող համալսարան այցի մեկնարկը տրվեց եվրոպական ծրագրերի գրասենյակից, որտեղ ՀԱԱՀ դասախոսական կազմը ջերմ ընդունելության արժանացավ միջազգային ծրագրերի պատասխանատու, եվրոպական ծրագրերի գրասենյակի աշխատակիցներ` Տանյա Անաստոպոլուի, Վիկի Գրիվայի և Բուսաբուծության ֆակուլտետի պրոֆեսոր, Էրազմուս+ Բուսաբուծության գիտության բաժնի համակարգող, ՀԱԱՀ-ի ընթացիկ շարժունության ծրագրի պատասխանատու Պենելոպե Բեբելիի կողմից։

Հյուրընկալող կողմը ՀԱԱՀ պատվիրակներին մանրամասնորեն ներկայացրեց Աթենքի գյուղատնտեսական համալսարանի պատմության և գործունեության մանրամասները, կազմակերպվեցին շրջայցեր համալսարանի գյուղատնտեսական թանգարան, տարբեր ստորաբաժանումներ և մասնագիտական լաբորատորիաներ, տեղի ունեցան հանդիպումներ ֆակուլտետների դեկանների և պրոֆեսորների, հետազոտական կենտրոնների աշխատակիցների, ասպիրանտների ու մագիստրանտների հետ:

Աթենքի գյուղատնտեսական համալսարանի 28 շենքային համալիրները ներառում են 42 լաբորատորիաներ, որոնք լիովին հագեցած են դասավանդման և գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և գործիքակազմով, 55 ժամանակակից լսարաններ և դասախոսական սենյակներ: Կրթությունն ու ուսուցումն իրականացվում է նաև ուսումնափորձնական տնտեսություններում, որոնք տեղակաված են ինչպես համալսարանի ներսում, այնպես էլ Աթենքին հարակից շրջաններում: Ուսանողների համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները ուսումը արդյունավետ կազմակերպելու համար՝ գրադարան, տեղեկատվական կենտրոն, ուսանողական ճաշարան, սրճարան, փակ և բաց մարզասրահներ և մարզադաշտեր և այլն:

Համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունները գտնվում են Բեոտիայի Ալիարտոս քաղաքում (100 հա), Օրոպոսում (2,7 հա) և Յալուում, Լուսա-Արտեմիդա շրջանում (35 հա): Համալսարանի բոլոր տնտեսությունները օգտագործվում են ուսուցման և հետազոտությունների համար, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար:

ՀԱԱՀ դասախոսները հանդիպումներ ունեցան Ագրարային էկոնոմիկայի և գյուղի զարգացման դեպարտամենտի պրոֆեսորներ Աթանասիս Կամպասի, Էլիաս Յանակիսի, Բուսաբուծության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էպամեինոնդաս Պապլոմատասի, Բուսաբուծության լաբորատորիայի վարիչ Յոաննիս Ց. Կարապանոսի, Էնոլոգիայի լաբորատորիայի պատասխանատու Էլեն Թանիի, Շրջակա միջավայրի և ագրարային ճարտարագիտության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Յոհանիս Պապանիկոլաուի, պրոֆեսոր Նիկոլաս Դերկասի, Հողագիտության և ագրոքիմիայի լաբորատորիայի ասիստենտ Կոնստանտինոս Սուլիսի, Սննդագիտության և սննդաբանության դեպարտամենտի գինեգործության և ալկոհոլային խմիչքների լաբորատորիայի պրոֆեսոր Ստամատինա Կալիտրակայի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք այլ անդամների ու հետազոտողների հետ։

Հաջորդիվ եղան այցեր բուսաբուծության, պտղաբուծության, էնոլոգիայի, ջրային ռեսուրսների, հողագիտության և ագրոքիմիայի, երկրաբանության, հիդրավլիկայի, քարտեզագրության և հեռահար զոնդավորման լաբորատորիաներ և մի շարք հետազոտական կենտրոններ:

Հայաստանյան պատվիրակության այցը կարևորվեց նաև Աթենքի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սպիրիդոն Կինցիոսի և պրոռեկտոր, պրոֆեսոր Էմանուիլ Ֆլեմետակիսի ջերմ ընդունելությամբ:

Համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը ջերմորեն ողջունեցին հայաստանյան պատվիրակներին և կարևորեցին երկու համալսարանների հետագա փոխադարձ համագործակցության շրջանակների, համատեղ հետազոտությունների ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Հաջորդող օրերին ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը և Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը հետաքրքիր ու բովանդակալից դասախոսություններով հանդես եկան համապատասխան մասնագիտությունների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և պրոֆեսորա­դասախոսական կազմի համար։ Դասախոսության թեմաները հիմնականում նվիրված էին կլիմայի փոփոխության և պարենային անվտանգության խնդիրներին, կանաչ տնտեսությունը որպես նորարարական գյուղատնտեսության կայուն զարգացման նախադրյալի: Դասախոսությունների ընթացքում ուսանողները ծանոթացան նաև ՀԱԱՀ Սննդամթերքի տեխնոլոգիաների դեպարտամենտի կառուցվածքին և նրանում առկա մասնագիտությունների հետ, նրանց ներկայացվեց նույն դեպարտամենտի Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի նորագույն լաբորատորիաների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը, գարեջրի արտադրության, օղու թորման և գինեգործության սարքերը, որոնք ուսանողներն օգտագործում են գործնական պարապմունքների ժամանակ: Դասախոսություններն անցան շատ ակտիվ մթնոլորտում՝ հագեցած հարց ու պատասխանով ու հետաքրքիր քննարկումներով:

Հանդիպումները հագեցած էին ինչպես մասնագիտական քննարկումներով, այնպես էլ երկու երկրների կենսամակարդակը բնութագրող մի շարք ցուցանիշների համեմատությումբ։ Այցելությունը կոչված էր նպաստելու նաև երկու երկրների ագրարային համալսարանների միջև արդեն իսկ ձևավորված կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր և արդյունավետ ուղիների ձևավորմանը, այն է` պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել առցանց հանդիպում-քննարկումներ, համատեղ իրականացնել գիտական հետազոտություններ, տպագրել գիտական հոդվածներ: Երկու համալսարանների ներկայացուցիչներն էլ կարևորեցին ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը թե՛ ուսումնական և թե՛ գիտահետազոտական ոլորտներում:

Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունն ու խորին շնորհակալություն են հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին և Աթենքի գյուղատնտեսական համալսարանի Եվրոպական ծրագրերի գրասենյակին՝ ընձեռած հնարավորության, մասնագիտական հագեցած շաբաթի և արդյունավետ համագործակցության համար։

Մերի Մանուչարյան, Ագրարային էկոնոմիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.

Արուսյակ Հակոբյան, Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի դոցենտ, տեխ.գ.թ.

Աստղիկ Մովսիսյան, Տվյալագիտության ամբոնի դասախոս, տ.գ.թ.

Նաիրա Ավետյան, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս, տեխ.գ.թ.