Դասավանդում և վերապատրաստում Իսպանիայի Միգել Հերնանդես համալսարանում

2022 թ. մայիսի 23-ից 27-ը Ագրարային համալսարանի աշխատակիցներ՝ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում մեկշաբաթյա դասավանդման ու վերապատրաստման դասընթացների մասնակցեցին Իսպանիայի Միգել Հերնանդես համալսարանում:

Մեկշաբաթյա այցի ընթացքում մեր խումբն այցելեց Էլչե և Օրիուելա քաղաքների մասնաճյուղեր: Էլչեում մասնակիցներին դիմավորեցին ՄՀՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վիսենտե Միկոլ Մոլինան, Միջազգային կապերի, համագործակցության զարգացման եւ կամավորության ծառայության պետ Ինմակուլադա Բլայա Սալվադորը, Միջազգայնացման պետ Խոսե Մանուել Բլանես Մարտինեզը, Միջազգային կապերի բաժնի Էրազմուս ծրագրի համակարգող Մոնիկա Քանդելա Սեմպերեն: Խոսե Մանուել Բլանես Մարտինեզը՝ Միգել Հերնանդեսի, իսկ Սերգեյ Մելոյանը Ագրարային համալսարանների մասին պատմող նյութեր ներկայացրեցին:

Օրիուելայում մեզ ընդունեցին մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ռիկարդո Աբադիա Սանչեզն ու իր գործընկերները: Այցի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռվեց անհատական գրաֆիկով ծանոթանալու և գործընկերների հետ քննարկելու նեղ մասնագիտական խնդիրները: Սերգեյ Մելոյանն ու Նաիրա Ավետյանը դասախոսություններ ներկայացրեցին ՄՀՀ-ի աշխատակիցների և ուսանողների համար: Արթուր Ալթունյանն այցելեց Գյուղատնտեսական ճարտարագիտության լաբորատորիաներ ու գիտահետազոտական կենտրոններ: Սասուն Մամաջանյանը հանդիպեց Ագրոքիմիայի և շրջակա միջավայրի պահպանության ֆակուլտետի իր գործընկերներին, շրջեց լաբորատորիաներով եւ գիտահետազոտական կենտրոններով: Քարտեզագրական ճարտարագիտության ամբիոնի աշխատակիցները պրոֆեսոր Խոսե Կորդերո Գրասիայի գլխավորությամբ Նանե Խուդավերդյանին ներկայացրեցին լաբորատորիաները, գեոդեզիական սարքավորումները, Իսպանիայի ազգային գեոպորտալն ու ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը, երկրատեղեկատվական համակարգերը, գրանցման ու կադաստրային համակարգերն ու քարտեզների ուղղման գործող կարգը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները ճարտարագիտական ֆակուլտետում:

Վերապատրաստումներն ու հանդիպումներն անցան ջերմ ու բարեկամական մթնոլորտում, այցի ավարտը նշանավորվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ։

Իսպանացի գործընկերների հետ հանդիպումը կարևորվեց հետագա համագործակցության, փորձի փոխանակման ու մասնագիտական կապերի ստեղծման նոր ու արդյունավետ ծրագրերի մշակման ու ապագայում իրագործման ակնկալիքով։