Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին
Բուհերի ընդունելության քննությունների ավարտից հետո դիմորդների համար պարզ կդառնա, թե արդյոք հնարավորություն ունեն պետբյուջեից ստանալ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» Հայաստանում կրթաթոշակներ է տարամադրում հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին։
Հիմնադրամը ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից։ Տարբեր ծրագրեր է իրականացրել կրթության ոլորտում։
Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին՝ մասնակի (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով) փոխհատուցելով նրանց ուսման վարձը հայաստանյան բուհերում։
Հիմնադրամից օգտվելու հերթական մրցույթը կկայանա ս.թ. նոյեմբերի 1-ից 10-ը: Ուսանողների քանակը հաստատուն չէ, 600-800 ուսանող՝ յուրաքանչյուր կիսամյակում։
Կրթաթոշակ տրամադրելու միակ սկզբունքն առաջադիմությունը չէ, կարևոր է նաև ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվությունը տրվում է սահմանին ծառայածներին, ազատամարտիկների երեխաներին, սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ինչպես նաև ակտիվ կամավորական աշխատանքներին ներգրավվածներին։
Ծրագրում ներառված են բոլոր պետական բուհերը, սակայն նախապատվությունը տրվում է Հայաստանի համար արդի մասնագիտություններին, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արվեստ, դիզայն, գյուղատնտեսություն, լրագրություն, իրավաբանություն, բժշկություն և այլն։
Հովնանյան կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նաև հայաստանյան բուհերում սովորող, արտերկրի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:
Ուսաման վարձի փոխհատուցում հիմնականում տրվում է մեկ ամբողջ կիսամյակի համար։ Կրթաթոշակը տրամադրվում է միայն բակալավրիատի կամ մագիստրոսական ծրագրով սովորողներին։