Ուղեցույց հեղինակների համար

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Ընդհանուր դրույթներ

Հրապարակման էթիկան հրատարակչի, հեղինակի, գրախոսի և ընթերցողի միջև փոխհարաբերությունների կարգավորումն է, որը բխում է նրանց բարեվարքության պահանջից:
«Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի հրատարակիչը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն է:
Գիտական պարբերականի կառավարումը հիմնադրամը պատվիրակում է պարբերականի խմբագրական խորհրդին: Խորհուրդն իր գործունեության մեջ առաջնորդվում է միջազգային գիտական հանրության կողմից ընդունված չափորոշիչերով:
Գիտական պարբերականն հրատարակվում է էլեկտրոնային ձևաչափով: Պարբերականում հրապարակվող հեղինակներից որևէ վճար չի գանձվում:
Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում հրապարակված նյութերում հեղինակների արտահայտած մտքերի, կարծիքների և դիրքորոշման համար:

  1. Հրապարակման մասին որոշում

Հրապարակման մասին որոշում կայացնելու իրավունքը վերապահվում է խմբագրական խորհրդի նախագահին և գլխավոր խմբագրին, որոնք որոշում կայացնելիս կարող են խորհրդակցել խմբագրական խորհրդի անդամների հետ:Հրապարակման մասին որոշում կայացնելիս առաջնահերթվում են դիտարկվող աշխատանքի գիտական բովանդակությունը, արժանահավատությունը, ինչպես նաև դրանում առկա գիտական նորույթը:
Եթե որոշվում է հրապարակել հոդվածը, հեղինակը համաձայնում է բոլոր հեղինակային իրավունքները փոխանցել հրատարակչին՝ դրա հրապարակման և բաց մատչելիության ազգային ու միջազգային տվյալների շտեմարանների, այլ ինդեքսավորված տեղեկատվության աղբյուրների տարածելու առումով: Հեղինակի համաձայնությունը ստանալուց ի վեր հրատարակիչն իրավունք ունի հոդվածներն անմիջապես առցանց հասանելի դարձնել կարդալու և նորից օգտագործելու համար:

  1. Խմբագրական խորհրդի և գլխավոր խմբագրի պարտականությունները

 3.1 Խմբագրական խորհուրդը սատարում է բոլոր նրանց, ովքեր գիտական գործունեության մեջ պատասխանատվությամբ են վերաբերվում պարբերականի համբավին:
Խորհուրդն իր գործունեությամբ ապահովում է պարբերականում հրատարակվող նյութերի գիտական նորույթի, նյութերում առկա փոխառված մտքերի ու պնդումների համար հղումների առկայությունը, հրատարակչական էթիկայի պահպանումը։ Խորհուրդն ապահովում է փորձագետների կողմից գիտական հոդվածների պարտադիր վերանայումն այսպես կոչված «կույր» սկզբունքով, առանց գրախոսների անձնական տվյալները հեղինակներին և հեղինակների տվյալները՝ գրախոսներին հայտնելու։
3.2 Խմբագրական խորհրդի նախագահը համակարգում է պարբերականի գործունեությունը, իրականացնում քաղաքականությունը:
Նախագահն իրավունք ունի կասեցնելու պարբերականի ինչպես տվյալ համարի, այնպես էլ այն հոդված(ներ)ի հրապարակումը, որի(որոնց) վերաբերյալ ունի հիմնավորված առարկություն:
3.3   Գլխավոր խմբագիրը պատասխանատու է պարբերականի գիտական բովանդակության համար, մասնակցում է պարբերականի քաղաքականության մշակմանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և այլ մարմիններում ներկայացնում է գիտական պարբերականին վերաբերող հարցերը:
Գլխավոր խմբագիրը ծանոթանում է ընդունված հոդվածներին և թույլատրում գրախոսման: Ընդունման պահից ի վեր իրավունք ունի բոլոր կողմերի հետ քննարկել հոդված(ներ)ի՝ պարբերականի մասնագիտական ուղղվածությանը, նպատակին և բովանդակությանը համապատասխանելու հարցերը:
3.4  Խմբագրական խորհուրդը պարտավորվում է պահպանել ստորև նշված սկզբունքները.
Հետազոտության ներկայացման ամբողջականություն
Պարբերականը պարտավորվում է պահպանել գիտական հետազոտությունների ամբողջականությունը: Որպես Հրապարակման էթիկայի ընդունված չափորոշիչներին հետևող և բարեխիղճ հրատարակիչ՝ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունն ամրագրում է պոտենցիալ սխալ վարքագծի հետ վարվելու գործողությունների հետևյալ հաջորդականությունը.
Օբյեկտիվություն
Խմբագրական խորհրդի անդամները պատասխանատու են հրապարակման համար ներկայացված փաստաթղթերի գնահատման օբյեկտիվ կառավարման համար, իրավունք չունեն գնահատման գործընթացում անձնական շահեր հետապնդել կամ առաջնորդվել միջանձնային հարաբերություններով:
Նրանք պարտավոր են հարգալից և անկողմնակալ վերաբերմունք դրսևորել հեղինակների նկատմամբ՝ անկախ նրանց ռասայից, սեռից, ազգությունից, դավանանքից, սոցիալական կարգավիճակից, քաղաքական նախասիրություններից կամ այլ սուբյեկտիվ պատճառներից:
Գաղտնիություն
Հրապարակման համար ստացված յուրաքանչյուր բնօրինակ աշխատանք պետք է դիտարկվի որպես գաղտնի փաստաթուղթ: Խմբագրական խորհրդի անդամները պարտավորություն են ստանձնում ներդնելու իրենց ջանքերը գնահատման գործընթացի գաղտնիությունը ապահովելու համար:
Պատասխանատու են և լիազորված գաղտնիության սկզբունքով հոդվածն ընդունելու կամ ներկայացված բովանդակությամբ, կամ բովանդակային փոփոխություն(ներ) առաջարկելու, կամ մերժելու, եթե այն չի համապատասխանում ամսագրի հրատարակման պահանջներին և էթիկական սկզբունքներին:
Խմբագրակազմի անդամն իրավունք չունի սեփական հետազոտության մեջ օգտագործել բնօրինակում ներկայացված չհրապարակված նյութերը: Նա իրավունք չունի պարտավորեցնելու հոդվածագրին մեջբերել իր հեղինակած հետազոտությունները՝ որպես ներկայացվող հոդվածն ընդունելու ենթադրյալ կամ բացահայտ պայման:
Հակասող շահերի հռչակում
Խմբագրական խորհրդի անդամները և խմբագիրները պետք է հայտարարեն ցանկացած մրցակցող շահերի մասին և կարող են հոդվածը հանել գրախոսման գործընթացից, եթե առկա է մրցակցող շահ:
Խմբագրությունը պարտավոր է սահմանված կարգով պահանջել ձեռագրերի վերանայման գործընթացի բոլոր մասնակիցներից առկա մրցակցող շահերի բացահայտում։ Եթե հրապարակումից հետո բացահայտվում է շահերի բախում, խմբագիրները պարտավոր են ապահովել համապատասխան փոփոխությունների հրապարակումը։
Շահերի բախման դեպքում ներկայացված հոդվածի բնագիրը վերադարձվում է հակամարտությունը լուծելու համար:

  1. Գրախոսումը

Որպես գրախոս ընտրված փորձագետը իրավունք ունի ազատորեն արտահայտել իր մոտիվացված քննադատությունները՝ կապված ներկայացված նյութի մատուցման մակարդակի և հստակության, ամսագրի բովանդակությանը դրա համապատասխանության, աղբյուրների արժանահավատության, արդյունքների նորության և հավաստիության հետ:
Գրախոսը նաև իրավունք ունի բանավիճելու հոդվածագրի հետ, ներկայացնելու նրա նկատառումներին գրավոր հակափաստարկներ և պնդելու իր՝ որպես փորձագետի համոզմունքը:
4.1 Աղբյուրների ճանաչում.
Եթե հեղինակների կողմից հղում չի արվել հրապարակված որևէ աշխատության, գրախոսը պետք է ուշադրություն դարձնի այս փաստին: Ցանկացած հայտարարություն այն մասին, որ որևէ տվյալ, եզրակացություն կամ փաստարկ արդեն հրապարակվել է գիտական մամուլում, պետք է ուղեկցվի համապատասխան հղումով:
Գրախոսը պետք է նաև հրավիրի ամսագրի գլխավոր խմբագրի և պատասխանատու խմբագրի ուշադրությունը, եթե ներկայացված բնագրի և անձամբ իրեն հայտնի որևէ այլ հրատարակված աշխատության միջև որևէ էական նմանություն կամ համընկնում է հայտնաբերվել:
Գրագողությունն իր բոլոր ձևերով հանդիսանում է ոչ էթիկական հրատարակչական վարքագծի դրսևորում, որն անընդունելի է գիտական պարբերականի համար:.
4.2 Արդյունավետություն
Ձեռագիրը գնահատելու համար ընտրված ցանկացած գրախոս պետք է համոզված լինի իր՝ որպես տվյալ բնագավառի փորձագետի կարծիքի արտահայտման արդյունավետության մեջ: Ով կարծում է, որ իր որակավորումները բավարար չեն տվյալ աշխատանքը վերանայելու համար, կամ չի կարողանա ժամանակին գրախոսել աշխատանքը, պետք է տեղեկացնի խմբագրին և հրաժարվի վերանայման գործընթացից:

  1. Հեղինակների իրավունքները և պարտականությունները

Հեղինակը «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականում հրապարակման նպատակով հոդված ներկայացնելիս պարտավորվում է հետևել խմբագրության սահմանած չափորոշիչներին (7-րդ կետ):
Հեղինակը չպետք է միաժամանակ ձեռագրեր (կամ ձեռագրեր, որոնք հիմնականում նկարագրում են նույն թեման) ներկայացնի մի քանի ամսագրերի: Հեղինակը չպետք է ամսագրերին քննարկման ներկայացնի նախկինում որևէ տեղ հրապարակված որևէ աշխատություն: Որոշակի պայմանների առկայության դեպքում ընդունելի է մեկից ավելի ամսագրերում կոնկրետ թեմայի վերաբերյալ հոդվածների հրապարակումը, եթե դրանք պատկանում են մեկ հոդվածաշարի:
Հեղինակը իրավունք ունի մինչև համացանցում հրապարակելը ցանկացած պահի հետ պահանջելու իր հոդվածը, ինչպես նաև լրամշակելու և փոփոխության ենթարկելու այն:
Իրավունք ունի պահանջելու զուգահեռ կամ լրացուցիչ գրախոսում, եթե համաձայն չէ գրախոսի արտահայտած նկատառումներին, ինչպես նաև ներկայացնելու գրավոր հակափաստարկներ և պնդելու իր՝ որպես հեղինակի համոզմունքը:
Հեղինակը պետք է առանց խեղաթյուրելու հավաքագրի, վերլուծի և մեկնաբանի իր հետազոտության տվյալները: Խմբագրությունը, գրախոսները և ընթերցողները իրավասու են պահանջել հեղինակից տրամադրելու հետազոտության ելակետային տվյալները՝ խմբագրման, գրախոսման և հանրային հասանելիության համար: Հեղինակը հնարավորինս պետք է պահպանի այդ տվյալները հրապարակումից հետո հնարավոր օգտագործման համար:
Հեղինակը պետք է երաշխավորի, որ իր ներկայացրած աշխատանքները եզակի են:
Եթե հեղինակն օգտագործել է այլ հեղինակներից կրկնվող բառեր, նախադասույթւոններ կամ պարբերություններ, ապա պարտավոր է նշել համապատասխան հղումները, այլապես այն գրագողություն կհամարվի (4.1)
Հեղինակը պետք է հստակորեն նշի բոլոր աղբյուրները, որոնք աջակցել են հետազոտությանը, ինչպես նաև հայտարարի ցանկացած շահերի բախում(ներ): Հեղինակն իրավունք ունի պատշաճ երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել հետազոտության մեջ: Նրանք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել հետազոտության մեջ, պետք է նշվեն որպես համահեղինակներ:
Հեղինակը պետք է ապահովի, տեղեկություն առ այն, որ բոլոր համահեղինակները հաստատել են հոդվածի վերջնական տարբերակը և համաձայնության են եկել դրա վերջնական հրապարակման վերաբերյալ:
Հեղինակը պետք է անհապաղ տեղեկացնի ամսագրի խմբագրին իր հրապարակած աշխատության մեջ առկա ցանկացած ակնհայտ սխալի (սխալների) մասին և լրջորեն համագործակցի խմբագրի հետ տվյալ թողարկումը հետ կանչելու կամ ուղղելու համար: Եթե խմբագրին ծանուցում է հեղինակից բացի որևէ այլ կողմ, որ հրապարակումը պարունակում է ակնհայտ սխալ, հեղինակը պետք է հերքում գրի կամ ուղղում կատարի:

  1. Խմբագրական խորհրդի որոշումների իրականացումը «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականում հրատարակվող հոդվածների ներկայացման, ընդունման, գրախոսման և հրապարակման գործընթացն իրականացվում է խմբագրության միջոցով՝ ի դեմս պատասխանատու խմբագրի:
    Պատասխանատու խմբագիրը պարտավորվում է միայն սահմանափակ թվով մարդկանց համար հասանելի դարձնել ձեռագրի բովանդակությունը՝ խմբագրական կոլեգիայի անդամներ, գրախոսներ, լիազորված անդամներ.
    -որպես նախնական ընթերցող՝ գլխավոր խմբագրի կողմից ընտրված փորձագետ,
    -պատասխանատու խմբագրի վարչական օգնական:
    Խմբագրությունը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում հեղինակին տեղեկացնել հոդվածի կարգավիճակի վերաբերյալ:
    Եթե հոդվածի ներկայացման փուլում հեղինակների ցանկում փոփոխություններ են կատարվում, խմբագրությունը պահանջում է ներկայացնել փոփոխությունը հաստատող՝ բոլոր հեղինակների կողմից ստորագրված փաստաթուղթ: Խմբագրությունը պետք է անհապաղ արձագանքի և ողջամիտ միջոցներ ձեռնարկի, երբ էթիկական բողոք է առաջանում ներկայացված ձեռագրի կամ հրապարակված աշխատության վերաբերյալ՝ ուղիղ կապ հաստատելով և խորհրդակցելով գլխավոր խմբագրի, հեղինակի հետ:
    Խմբագրությունը պետք է ողջամիտ պատասխաններ ստանա՝ հիմնված միջազգային հեղինակավոր ամսագրերի և հրատարակիչների փորձի վրա: Որևէ կողմի անբարոյական վարքագծի փաստի վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում դիտարկվում է առանց վաղեմության ժամկետ սահմանելու:
    Անհրաժեշտության դեպքում խմբագրությունը պարտավոր է հրապարակել գրավոր պաշտոնական հերքում կամ ուղղում:
    7. Հոդվածների ընդունման կարգը

    1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
    2. Հոդվածի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 10 համակարգչային էջը (ներառյալ ամփոփագրերը):
    3. Հեղինակների թիվը չպետք է գերազանցի չորսը:
    4. Հեղինակների տվյալներում պետք է ներառվեն հեղինակ(ներ)ի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, աշխատավայրը, էլ. հասցեն:
    5. Հոդվածը ներկայացվում է տպագիր և էլեկտրոնային (WORD ձևաչափով) տարբերակներով:
    6. Հոդվածը շարադրվում է հետևյալ կառուցվածքով.
    • վերնագիր,
    • 5 բանալի բառ,
    • «Նախաբան»,
    • «Նյութը և մեթոդները»,
    • «Արդյունքները և վերլուծությունը»,
    • «Եզրակացություն»,
    • «Գրականություն»:
    1. Գրականության հղումները կատարվում են տեքստում՝ փակագծում նշվում են հեղինակը և հրատարակման տարեթիվը:
    2. Հոդվածները պետք է ունենան ամփոփագրեր. հայերենով և ռուսերենով ներկայացված հոդվածների դեպքում՝ հայերեն (առնվազն 60 բառ), ռուսերեն (առնվազն 60 բառ) և անգլերեն (150-250 բառ), անգլերենի դեպքում՝ անգլերեն լեզվով (առնվազն 60 բառ):
    3. Հայերեն և ռուսերեն հոդվածների վերնագրերը, հեղինակ(ներ)ի տվյալները և բանալի բառերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
    4. Գրականության ցանկը ներկայացվում է առնվազն 10 անուն, շարադրվում է այբբենական կարգով:
    5. Մեջբերված գրականության աղբյուրների առնվազն 30%-ը պետք է հրատարակված լինի վերջին տասը տարիներին:
    6. Էլեկտրոնային հղումը որպես աղբյուր մեջբերելիս գրականության ցանկում նշվում է դիտման ամսաթիվը:

    Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

    • անգլերեն և ռուսերեն հոդվածների տառատեսակը՝ Times New Roman, հայերեն հոդվածներինը՝ GHEA Grapalat,
    • տառաչափը՝ 12,
    • միջտողային տարածությունը՝ 1.5,
    • վերնագիրը՝ մեծատառերով,
    • գծապատկերները՝ Word, Excel ծրագրերով,
    • աղյուսակները՝ ուղղահայաց դիրքով (Portrait),
    • բանաձևերը՝ Microsoft Equation 3.0 ձևաչափով:

     Կարգին չհամապատասխանող հոդվածները չեն ընդունվում:
    Հոդվածներն ուղարկվում են գրախոսման:
    Մերժված հոդվածները չեն վերադարձվում հեղինակին:

    Հոդվածները չեն հրատարակվի, եթե ամբողջությամբ կամ համառոտ տպագրված լինեն այլ պարբերականում: