ՀԱԱՀ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերական
Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է:
Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը
որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է:
Գիտական պարբերականում ընդգրկվող հոդվածները գրախոսման են տրամադրվում անանուն՝ բացառելով հեղինակի տվյալները: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:
Պարբերականը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԲՈԿ-ի պահանջների: Այն աստիճանաբար համապատասխանեցվում է միջազգային գիտական շտեմարանների չափորոշիչներին: Խմբագրական կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և արտերկրի (Ռուսաստան, Վրաստան, Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա) հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականներ:
Պարբերականի հոդվածները հրապարակվում են «Ագրարային տնտեսագիտություն և ագրոբիզնես», «Ագրարային ճարտարագիտություն», «Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա», «Սննդագիտություն և տեխնոլոգիա», «Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն» խորագրերում:
Պարբերականի հայերեն և ռուսերեն միասնական համարի ծավալը 90-120 էջ է, անգլերեն համարինը՝ 70-100 էջ (հաշվի առնելով լեզուների առանձնահատկությունները և ընդունվող հոդվածների ողջամիտ քանակը):
Գիտական պարբերականը 2021 թվականից ինդեքսավորվել է CrossRef միջազգային մատենագիտական համակարգում, և հրապարակվող հոդվածները կրում են թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI):