ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը ոչ միայն փորձում է ամրապնդել համագործակցության արդեն եղած հնարավորությունները, այլեւ գտնել դրա նոր ձեւաչափեր, որոնք կնպաստեն ՀԱԱՀ աշխատակիցների եւ սովորողների միջազգային շարժունությանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու միջազգային ճանաչման բարձրացմանը։
Վառ օրինակներից է PROM-3 ծրագիրը, որն իրականացվում է Յագելոնյան համալսարանը (Լեհաստան): Այն կարճաժամկետ փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորում է Լեհաստանի Ակադեմիական փոխանակման ազգային գրասենյակը եւ որի նպատակն է զարգացնել Յագելոնյան համալսարանի եւ միջազգային բուհերի ասպիրանտների ու վարչական աշխատակիցների կարողությունները՝ իրականացնելով կարճաժամկետ միջազգային կրթաթոշակային փոխանակումներ, ինչպես նաեւ բարելավել կրթության որակը եւ ավելացնել կարճաժամկետ ուղեւորությունների քանակը։
Այս ծրագրի շրջանակում ս․թ․ հոկտեմբերի 8-10-ին ՀԱԱՀ այցելեց Յագելոնյան համալսարանի Միջազգային համագործակցության կենտրոնի աշխատակից, միջազգային ծրագրերի պատասխանատու Մարժենա Բուտանովիչը։ Սա նրա առաջին այցն էր մեր համալսարան եւ հիմնական նպատակն էր ծանոթանալ ՀԱԱՀ հնարավորություններին եւ ներկայացնել մեզ համար այս նոր՝ PROM ծրագիրը։
Մարժենա Բուտանովիչը հյուրընկալվեց Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ ծանոթացավ առկա միջազգային ծրագրերին, շարժունության արդյունքներին, կարողությունների զարգացման նախագծերին եւ դրանց հիմնական արդյունքներին։ Հյուրը միաժամանակ ներկայացրեց Յագելոնյան համալսարանի միջազգային համագործակցության ուղղությունները, իրականացվող միջազգային նախագծերն ու առաջնահերթությունները։
Տիկին Բուտանովիչը մանրամասնորեն ներկայացրեց PROM-3 ծրագիրը, դրան դիմելու առանձնահատկությունները, ՀԱԱՀ-ի համար առկա հնարավորությունները եւ ծրագրի հետ կապված այլ հարցեր։ Այն շատ լավ հնարավորություն է ՀԱԱՀ ասպիրանտների եւ վարչական աշխատակիցների համար՝ Յագելոնյան համալսարանում կարճաժամկետ վերապատրաստում անցնելու կամ փոքր հետազոտական աշխատանք կատարելու համար։
Յագելոնյան համալսարանի միջազգային կենտրոնի աշխատակիցն այցելեց նաեւ ՀԱԱՀ տարբեր կրթական եւ հետազոտական կենտրոններ, ծանոթացավ մեր համալսարանի կրթագիտական հնարավորություններին։ Շրջայցը նրան հնարավորություն տվեց առավել լավ պատկերացնել համագործակցության այն հնարավորությունները, որոնք կարող են զարգանալ Յագելոնյան համալսարանի հետ։ Նա խոստացավ ձեռք բերված տեղեկությունը փոխանցել իր համալսարանի գործընկերներին՝ ՀԱԱՀ-ի հետ զարգացող համագործակցությունը առավել թիրախային դարձնելու հեռանկարով։
Հուսանք, որ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի ջանքերի շնորհիվ վեցհարյուրամյա Յագելոնյան համալսարանի հետ մեկ տասնամյակից ավելի շարունակվող համագործակցությունը կխորանա եւ կնպաստի ՀԱԱՀ կարողությունների զարգացմանը։









