Յուրահատուկ բազմազան է Հունաստանը մշակութային և լանդշաֆտային առումներով։ Հատկապես երկրորդը պատճառ դարձավ մեծ հետաքրքրությամբ այցելելու այդ երկիրը ու շփվելու տեղացի գիտնականների, ուսանողների հետ։
Ս․ թ․ մայիսի 10-14-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցի Թեսալիայի համալսարանում, մասնավորապես՝ անտառագիտության ու փայտագիտության ֆակլուլտետում, որը հանդիսանում է Հունաստանում անտառագիտական կրթության և գիտության կենտրոններից մեկը։ Համալսարանի տվյալ ֆակուլտետը տեղակայված է Կարդիցա քաղաքում։ Ֆակուլտետում երկու մասնագիտությամբ ուսանում են մոտ 1000 ուսանող։ Պետք է նշել որ ուսանողների մեծ մասը Հունաստանի կենտրոնական ու հյուսիսային շրջաններից են, որտեղ տեղակայված են լեռնային անտառների հսկայական զանգվածներ, միջազգային նշանակության մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ, հետևապես մասնագիտությունը Հունաստանում բավականին տարածված է ու հարգի։
Այցի ընթացքում նախատեսված էր մասնակցել նաև ուսանողների եռօրյա դաշտային արշավին։ Արշավի հիմնական նպատակակետն էր Պրեսպա լիճը ու դրա հարակից էկոհամակարգերը։ Արշավի ծրագիրը լավագույնս համապատասխանում էր բնության գրկում ուսանելու բնության պահպանության հիմնահարցերը՝ կոնկրետ խնդիրներ վերլուծելով, քննարկելով։
Հույսով եմ «Բնական ռեսուրսների ինտեգրված կառավարում» թեմայով եռօրյա դասախոսությունը, որի ընթացքում կիսվեցի լեռնային լանդշաֆտների պահպանության Հայաստանյան իմ փորձով, տեղին էր նաև հույն ուսանողների ու պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար։ Թեման ընտրված էր նախապես՝ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում, հաշվի առնելով նաև թեմայի արդիական բնույթը։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև համատեղ գործունեության հնարավարությունները։
Արեգ Կարապետյան
Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս