LISS24 նախագծի հերթական համդիպումը կայացավ Ագրարայինում, հերթական մրցույթը՝ Պոլիտեխնիկում

Էրազմուս+ ՀԳ2-ի շրջանակում «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» (LISS24) նախագծի մասնակից եվրոպական եւ կովկասյան համալսարանների ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ երեկ՝ հունիսի 11-ին, Ագրարային համալսարանում։

«Երկար» օրը մասնակիցները սկսեցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ հանդիպմամբ, որի ժամանակ քննարկվեցին նախագծի աշխատանքային 3-րդ փաթեթով նախատեսված աշխատանքների ընթացքը։ Ֆինլանդիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ավստրիայից մեկական եւ վրաստանյան երեք համալսարանների, ՀԱԱՀ-ի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախագծի մասնակից ներկայացուցիչների հանդիպման հագեցած օրակարգին նախորդեց համալսարանի մի քանի նորարարական ենթակառույցներում շրջագայությունը։

Բուն հանդիպումը մեկնարկեց ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի ողջույնի խոսքով եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի՝ մեր 95-ամյա համալսարանի պատմության մասին հակիրճ տեղեկատվությամբ՝ մասնավորապես կանգ առնելով վերջին տարիների դրական զարգացումների վրա։

LISS24 նախագծի շրջանակում հայաստանյան երեք համալսարաններում «Վաճառքի լաբորատորիաների» հիմնման, սարքավորումների ձեռք բերման եւ տեղակայման, դրանց ինտեգրման հեռանկարների ու առանձնահատկությունների վերաբերյալ մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկումը վարում էին Ավստրիայի Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանից Ալեքսանդր Այգները եւ Ֆինլանդիայի Տուրկույի համալսարանից Տիմո Հոլոպայնենը։

Դոկտոր Հոլոպայնենը հաճույքով խրախուսական հավաստագրեր հանձնեց B2B վաճառքների նախորդ՝ ներհամալսարանական փուլում աչքի ընկած երեք թիմերին։ Իսկ ընդմիջումից հետո Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվեց նախորդ օրը մեկնարկած միջհամալսարանական մրցույթը, որի հաղթողներից դարձավ Ագրարայինի Tail Track խումբը. մերոնք առաջարկում են գյուղատնտեսական եւ տնային կենդանիների անասնաբուժական բարձրակարգ ծառայություն համապատասխան հավելվածի օգնությամբ։ Առաջիկայում ագրարայինցիներն այս գաղափարը առիթ կունենան ներկայացնելու «Սեւան ստարտափ սամմիթ 2025» ամենամյա միջազգային համաժողով-մրցույթում, որի հրավերն արդեն ստացել են։