ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

  Զառա Էդուարդի Հարությունյան

գյուղ.գիտ.թեկն.

Լաբորատորիայի վարիչ

Հետադարձ կապ

  • 0009, ՀՀ, ք. Երևան
    6-րդ մասնաշենք
  • (+374) 10 45 16 01

Պատմությունը և նպատակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան հիմնադրվել է 2018 թվականին՝ ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների լաբորատորիայի (TEMPUS ծրագիր) և Նորվեգիայի Միջազգային Համագործակցության և Կրթության Կենտրոնի (SiU) կողմից ֆինանսավորվող Եվրասիա 2016 CPEA-LT-2016/10092 ծածկագրով «Գյուղատնտեսության զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում» երկարաժամկետ ծրագրի շրջանակում՝ ժամանակակից տեխնիկական և մեթոդական բազայի հիման վրա:

Լաբորատորիայի հիմնադրումը պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտում բույսերի կենսատեխնոլոգիային և մոլեկուլային կենսաբանությանն առնչվող ժամանակակից կենսաբանական հետազոտություններով, ինչը խիստ էական է կյանքի որակի և չափանիշների բարելավմանը միտված սկզբունքային նշանակություն ունեցող ուղղություններով իրականացվող հետազոտությունների համար: Լաբորատորիայի հիմնումը պայմանավորված էր նաև ոլորտի համար որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:

Լաբորատորիայի գիտական հետազոտություններն ուղղված են բույսերի ex situ ուսումնասիրությանը, պահպանմանը, սելեկցիայի և բջջային ակտիվության մեխանիզմների կարգավորմանը: Ուսումնասիրությունները տարվում են գենետիկական, բջջային, հյուսվածքային և օրգանային մակարդակներում:

Կենսատեխնոլոգիական մեթոդներ՝

  •  ադվենտիվ ընձյուղներով պրոլիֆերացում,
  •  գագաթնային (ապիկալ) մերիսթեմի մեթոդ,
  •  սոմատիկ էմբրիոգենեզի և սոմատիկ փոփոխականության մեթոդները,
  •  կալուսային կուլտուրայի մեթոդ,
  •  միկրոկլոնալ բազմացում:

Մոլեկուլային գենետիկական հետազոտությունների մեթոդներ`

  • ԴՆԹ-ի անջատում CTAB մեթոդով,
  • ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) կլասիկ և իրական ժամանակում,
  • հորիզոնական գել էլեկտրաֆորեզ,
  • սպեկտրոֆոտոմետրիկ չափումներ:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր» 2018-2019 թթ. ծրագրի շրջանակներում՝ «Գիտական կենտրոնի պահպանում և զարգացում» Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիա։ Ծրագրի շրջանակներում կատարվում են in vitro պայմաններում բույսերի ուսումնասիրություններ՝ կիրառելով կալուսային մեթոդը և սոմատիկ էմբրիոգենեզը ռեգեներանտ բույսերի ստացման նպատակով։ Որոշվում է բույսերի տարատեսակ էքսպլանտների մորֆոգենետիկական ներուժը, ֆիտոհորմոնների ազդեցությունը կալլուսի աճի և ռեգեներացիոն ներուժի վրա։ Կատարվում է գագաթնային (ապիկալ) մերիսթեմի մեթոդով in vitro պայմաններում առողջացված (վիրուսազերծ) տնկանյութի ստացում: Յուրաքանչյուր գենոտիպի համար մշակվում է in vitro միկրոբազմացման մեթոդի տեխնոլոգիան: Իրականացվում են լոլիկի ՊՇՌ մեթոդով ուսումնասիրություններ՝ կիրառելով համապատասխան ԴՆԹ մարկերներ:

2017 թ-ից Նորվեգիայի Տրոմսոյի Արկտիկական համալսարանի (UiT), Նորվեգիայի Կենսաէկոնոմիկայի ինստիտուտի (NIBIO) և Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ մեկնարկել է՝ Եվրասիա 2016 CPEA-LT-2016/10092 ծածկագրով «Գյուղատնտեսության զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում» երկարաժամկետ ծրագիրը: Ծրագրի հիմնական ուղղվածությունն է նպաստել գիտահետազոտական, ուսումնական և վերապատրաստման աշխատանքներում ուսանողների ակտիվ ներգրավվածությանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվում են պիլոտային գիտական ծրագրեր ուսանողների ակտիվ մասնակցությամբ՝

• վայրի հապալասի (Vaccinium uliginosum L., Vaccinium myrtillus L․) մշակության մեջ

• ներդնելու հնարավորությունը և կիրառությունները

• վայրի ելակը (Fragaria vesca L.) որպես սելեկցիոն ելանյութ

• որոշ ծաղկատեսակների (Iris iberica subsp. Elegantissima, Tulipa sosnovskyi) և Crocus ենթադասին պատկանող տեսակների մշակության մեջ ներդնելու հնարավորությունները:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝

https://anau.am/index.php?option=com_content&view=article&id=1946&Itemid=94, կամ դիմել Հայաստանում ծրագրի համակարգող Զ․Հարությունյանին Ծրագրի ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/groups/238318809951305/ Լաբորատորիայում կազմակերպվում են տեսական և լաբորատոր դասընթացներ՝ բույսերի կենսատեխնոլոգիա և մոլեկուլային կենսաբանություն, մասնագիտական անգլերեն։

Հետադարձ կապ՝

ՀԱԱՀ, I-ին մասնաշենք

Հեռ.՝ +374 94664461

Էլ.հասցե՝ [email protected]