Միջազգային շաբաթ Շչեցինի համալսարանում․ համագործակցության նոր ուղղություններ և հեռանկարներ

ՀԱԱՀ գործընկեր Շչեցինի համալսարանը (Լեհաստան) սեպտեմբերի երկրորդ շաբաթում կազմակերպել էր հերթական, արդեն՝ 7-րդ միջազգային շաբաթը։ Այն նպատակ ուներ ներկայացնել ոչ միայն համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթագիտական հնարավորությունները, իրականացված փոփոխությունները, այլև համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համախմբել և իրար հետ ծանոթացնել համագործակից բուհերի ներկայացուցիչներին։ Միջազգային շաբաթում ՀԱԱՀ-ն ներկայացրեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանը։ Բացի Հայաստանից, որից բացի ՀԱԱՀ-ից ներկայացված էր նաև Հյուսիսային համալսարանը՝ ի դեմս Ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի, մասնակցեցին նաև բուհերի ներկայացուցիչներ Ալբանիայից, Թուրքիայից, Գերմանիայից և Բոսնիա Հերցոգովինայից։
Լինելով համեմատաբար երիտասարդ բուհ, Շչեցինի համալսարանն իր կարևոր տեղն ունի Լեհաստանի (և ոչ միայն) կրթագիտական հաստատությունների շարքում՝ մայրենի լեզվով և անգլերենով 5 ֆակուլտետներում իրականացվող կրթությամբ, 18 հետազոտական ինստիտուտներում իրականացվող տեղական և միջազգային հետազոտական ծրագրերով, ինչպես նաև միջազգային տարատեսակ նախագծերով։
Բավականին հագեցած շաբաթն ազդարարվեց Շչեցինի համալսարանի գլխավոր մասնաշենքում կազմակերպված հանդիպում-ծանոթացմամբ, որի ընթացքում ներկաները ծանոթացան մասնակից բուհերի կրթագիտական ուղղություններին և միջազգային ծրագրերին։
Հյուրընկալող համալսարանի գիտատեխնիկական առաջընթացին ու հնարավորություններին ծանոթացնելու նպատակով միջազգային շաբաթի մասնակիցների համար կազմակերպվել էին բազմաթիվ այցեր ու քննարկումներ։ Դրանցից առաջինը տեղի ունեցավ համալսարանի սիմուլյացին կենտրոնում։ Վերջինս հագեցած է վիրտուալ լաբորատորիայով, որտեղ համակարգչային ծրագրերով կարողանում են ստեղծել տեսողական տարբեր խնդիրներ ունեցողներին բնորոշ վիրտուալ միջավայր։ Լաբորատորիայում առկա են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցողների, խուլ ու համր մարդկանց համար և տարիքով մեծահասակ մարդկանց շարժողական ակտիվության սահմանափակումները ցուցադրող սարքավորումներ և վիրտուալ ծրագրեր։ Ընդ որում, միջազգային շաբաթի մասնակիցներրին հնարավորություն տրվեց փորձել առկա բոլոր սարքավորումներն ու վիրտուալ մասնակցել տարբեր իրավիճակային խնդիրների լուծմանը։
Շչեցինի համալսարանում ներկայումս սովորում են նմանատիպ խնդիրներ ունեցողներ, որոնք առավելագույն չափով աջակցություն են ստանում համալսարանից և աշխատակիցներից։ Նրանցից երկուսը ներկայացրեցին այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք ստիպված են եղել հաղթահարել թե տանը, դպրոցում, հասարակությունում և համալսարանում, ինչպես նաև այն օժանդակությունն ու հնարավորությունները, որոնք համալսարանը ստեղծել է նմանատիպ խնդիրներ ունեցողների լիարժեք ուսուցումն ապահովելու նպատակով։
Համալսարանն ունի իր մեդիա կենտրոնը, որտեղ ուսանողներին սովորեցնում են մեդիագրագիտություն և զարգացնում տվյալ ոլորտի գործնական կարողություններ։ Համալսարանն ունի նաև սեփական ռադիո կենտրոն, որը ռադիոհաղորդումներ է պատրաստում գրեթե տարբեր թեմաներով (բացի քաղաքականից)՝ կրթական, գիտական, հանրամատչելի և այլն։ Այն յուրահատուկ հնարավորություն է համալսարանի համար՝ արտաքին շահակիցների շրջանում առավել ճանաչելի դառնալու և համալսարանի նկատմամբ հետաքրքրվածությունը բարձրացնելու համար։ Նշենք, որ ռադիոհաղորդավարը հարզազրույց վերցրեց բոլոր մասնակիցներից։ Առանձին մի հաղորդում հեռարձակվեց հայաստանյան մասնակիցների հետ, որտեղ նրանք խոսեցին իրենց համալսարանների մասին, էրազմուսյան փորձի և իրենց հեռանկարների մասին (https://niusradio.pl/podcasty/2185-international-staff-training-week)։
Միջազգային շաբաթի մասնակիցներն այցելեցին նաև Ֆիզիկական, մաթեմատիկական և բնական գիտությունների ֆակուլտետ ու դրան կից ինստիտուտներ։ Այն համալսարանի ակտիվ գործող կառույցներից է, իսկ հետազոտական ուղղությունները վերաբերում են բույսերի գենետիկային, իմունոլոգիային և այլն։ ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանը նախնական համաձայնւոյթւոն ձեռք բերեց Շչեցինի համալսարանի ներկայացուցիչների հետ այն մասին, որ բացի տնտեսագիտական ուղղությունից մեր համալսարանները պետք է ակտիվացնեն նաև կենսաբանական ուղղությունը։ Ընդ որում, դրա օրինակներից մեկն արդեն իրականություն է։ Սա յուրահատուկ ուղերձ է մեր համալսարանականներին, ովքեր աշխատում կամ սովորում են ագրոկենսաբանական ուղղությամբ․ այժմ լայն հնարավորություն ունեն համագործակցելու Շչեցինի համալսարանի համապատասխան կենտրոնների հետ։
Համալսարանն ունի նաև երկրաբանական բավականին հարուստ թանգարան։ Այն, բացի կրթական և գիտական նպատակներից, ծառայում է որպես հանրամատչելի վայր դպրոցական երեխաների համար, որտեղ վերջիններս ծանոթանում են երկրաբանական տարբեր երևույթներին և գործընթացներին։ Հավանաբար չկա ավելի լավ միջոց՝ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և ապագա ուսանողներ ձեռք բերելու տեսնակյունից։
Առողջության և ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետում ու դրան կից լաբորատորիաներում դասախոսներն ու հետազոտողներն ուսումնասիրում են տարբեր ծանրաբեռնվածությամբ շարժողական ակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա, ինչպես նաև սահմանափակ շարժողական ակտիվության առանձնահատկությունները։
Բավականին ակտիվ է նաև համալսարանի տնտեսագիտության և մենեջմենթի դպրոցն ու կից երեք հետազոտական ինստիտուտները։ Լեհաստանի հետազոտական ինստիտուտները յուրաքանչյուր չորս տարին մեկ աստիճանակարգվում են պետության կողմից, որի արդյունքնում տրված կարգը որոշում է, թե տվյալ ինստիտուտը պետական ինչ ծավալի դրամաշնորհներից կարող է օգտվել։ Ինչպես ներկայացրին ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, աստիճանավորման համար գոյություն ունեն երեք հիմնական ցուցիչներ․ հրատարակված հոդվածների քանակ և տեղ, գործող ծրագրերի քանակ և համագործակցություն տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ։
Իրավաբանության և վարչարարության ֆակուլտետում կայացած հանդիպման ժամանակ ֆակուլտետի անձնակազմը ներկայացրեց կրթական ծրագրերն ու հետազոտական հիմնական ուղղությունները։ Ինստիտուտը հիմնականում զբաղվում է մարդու հիմնարար, խոցելի խմբերի (հաշմանդամներ, գաղթականներ և այլն) իրավունքներով և այլն։ Նրանք փորձում են լուծել խոցելի խմբերի խնդիրները թվային հասանելիության ապահովման միջոցով։ Միջազգային շաբաթի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակիցը լինել խոցելի խմբերի համար իրականացվող մի քանի գործողությունների։
Վերջին օրվա կարևոր հանդիպումները մեկը կայացավ համալսարանի Դոկտորական դպրոցում։ Այս դպրոցում սովորում են ավելի քանի 130 PhD ուսանողներ, որոնք բոլորը պետության կողմից ստանում են ֆինանսական աջակցություն սովորելու չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ասպիրանտներն ու հետազոտողները կարող են օգտվել հենց համալսարանի կողմից տրվող կրթաթոշակից ու խրախուսական դրամաշնորհներից ևս՝ ի լրումն Լեհաստանի կառավարության կողմից դրվող դրամաշնորհների։ PhD ուսանողների ուսումնական պլանի կարևորագույն բաղադրիչներից է անհատական աշխատանքը, ինչը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ անպայման պետք է իրականցվի սովորողի կողմից։ Սրա համար սովորողը պետք է հաճախի այլ առարկաների տարբեր համալսարններում, կամ մասնակցի ամառային և/կամ ձմեռային դպրոցների, ճամբարների և այլն։ Պետք է նշել, որ դոկտորական դպրոցի նման կենտրոնացված համակարգը բավականին արդյունավետ տպավորություն թողեց բոլորի վրա։
Փորձելով դիմակայել ներկայիս մարտահրավերներին, համալսարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ համալսարանում արհեստական բանականության կիրառման ուղղությամբ։ Ամենակատիվ քննարկումներից մեկը հենց այդ ուղղությամբ ծավալվեց, և ինչպես սպասելի էր, կարծիքներն ու տեսակետները խիստ տարբեր էին ու իրարամերժ։
Ի թիվս այլ գործնական արդյունքների, ՀԱԱՀ ներկայացուցիչ Գ․ Համբարձումյանը համալսարանակն համագործակցություն սկսելու պայմանավորվածություն ձեռք բերեց կենտրոնական Եվրոպայում տեղակայված Էրլանգեն-Նյունբերգ համալսարանի սննդի քիմիայի պրոֆեսոր Կարմեն Պոսպիսիլի հետ։ Իսկ Շչեցինի համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի գործընկերների հետ քննարկվեց արդեն իսկ իրականացված շարժունության արդյունքները, համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ ուժերով կարողություններին միտված նախագիծ պատրաստելու հնարավորությունը։
Հարկ է նշել, որ հյուընկալող համալսարանը մշակել էր բավականին արդյունավետ ու հանդիպումներով և քննարկումներով խիստ հագեցած ծրագիր, դրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ կազմակերպչական առումով այս համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտը գտնվում է բարձրության վրա։